Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/424

Այս էջը հաստատված է

— Միայն թե, ընկեր Բուրբոնյան, լավ... լավ չէ՞ր ըլլար որ... գիտե՞ք, մենք շատ հայ ազգաբնակչություն չունինք Հալեպի մեջ, դուք պետք է երթաք ավելի հայաշատ գավառներ։

— Ճիշտ է, ես Հայաստան կ'երթամ, պատասխանեց տիպար հերոսը և կ'ազատագրեմ բոլորը։

Երիտասարդ հյուրասերը չհամարձակեցավ ըսել թե ավելի լավ կ'ըլլար արաբական զգեստները փոխել, վախենալով, մի գուցե, որ օր մը ավելի կենար իր տանը նոր հագուստներ պատրաստելու համար, բայց ընկեր Բուրբոնյանը երբեք մտադիր չէր իր տարազին դպչիլ — իզուր էր երիտասարդի վախը։

1908 թ. հուլիսի 14-ին, Օսմանյան սահմանադրության նախօրին, դոկտ. Բուրբոնյան տակավին Տիգրանակերտ չէր հասած և Մշերիկ գյուղի մեջ զբաղած էր հեղափոխական կազմակերպության գործով։

Այսպես էր իր կազմակերպելու ձևը — կը կանչեր գյուղի երիտասարդներեն մին, առաջին անգամ կը պատմեր Հայաստանը ազատագրելու իր առաջին ակտը, ամեն անգամ զարդարելով, ամեն անգամ ավելի խոր գույներ տալով պատկերներուն, կը նկարագրեր իր բանտային տանջանքները և ոգևորությամբ կոչ կըներ նմանիլ իրեն։

— Դուք պետք է նմանիք ինձ՝ Արքայազնիս (այս էր իր հեղափոխական-պրոպագանդիստի ծածկանունը), կաղաղակեր։

Այդ մեկը կը խոստանար նմանիլ Արքայազնին։ Կը կանչեր մեկ քանի ուրիշ երիտասարդներ, անոնց ալ կը պատմեր միևնույն պատմությունը քիչ մը ավելի զարդարված, քան առաջինը։ Անոնք կը խոստանային նմանիլ... իրեն։ Բոլորին մեկանց երդում ընել կուտար մի ոևէ «հեղափոխական-հերոսի անհետ կորած սրբազանի գերեզմանի անունով» և վերջացած կը նկատեր իր գործը: Մեկ քանի գյուղերու մեջ գնաց եկեղեցին և արտոնություն խնդրեց ճառախոսելու։ Անիկա արևի ծագումը նկատելով իբրև հեղափոխության այլաբանություն՝ ճառախոսեց, երևան բերելով ուսանողական շրջանի նման անուններու և պատմական թվականներու այնպիսի