Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/426

Այս էջը հաստատված է

է պաշտոնյաներու կողմե, վազեցի և եկա կտրելով անցնելով հազար ու մեկ խոչընդոտներ։ Հիմա կը տեսնեմ, որ կը ծափահարեք և երախտապարտ եք...

Այստեղ Բուրբոնյան քիչ մը կանգ առավ և սպասեց... ծափահարության, բայց ոչ ոք չի ծափահարեց։ Այս անգամ ահռելի ձայնով գոռաց՝

— Կեցցե՜ ժողովուրդը։

— Կեցցե՜ հեղափոխությունը։

Այս անգամ ժողովուրդը արդեն զգաց և ծափահարեց երկար և որոտընդոստ։

— Կեցցե՜ մեր հերոսը, արձագանքեցին անոնք։

— Մենք տապալեցինք օսմանյան բռնապետությունը, մենք կը հիմնենք Հայաստանի թագավորությունը, ավելցուց անիկա իր ճառին մեջ։

Իր առաջին ազատ ճառերուն մեջ նաև հայտնեց իր հեղափոխական-հերոսական ծածկանունը։

Դոկտ․ Բուրբոնյանը ինկավ ժողովուրդի առաջը խլելով դրոշակներեն մեկը և բռնելով իր ձեռքը, անցավ փողոցներով։

Քրիստոսի Երուսաղեմ մտնելու օրը միայն մեկ բանով կը տարբերեր — Քրիստոս նստած էր իշու վրա, կրելով իշու վրա նստած ասպետի վայել համեստությունը։

Թափորը հանդիպեցավ ուրիշ թափորի մը։ Բուրբոնյանը, այս անգամ ազատության դրոշակը ձեռքը, երկրորդ անգամ ճառախոսեց գրեթե միևնույն նյութի մասին, ավելի ոգևորված, ավելի հուզված, կոչականներով և «ո՜հ»-երով լեցուն, պատմեց դարձյալ ազատագրության իր առաջին ակտը և բանտային չարչարանքները։

Ժողովուրդը երբեք չկասկածեցավ անոր հեղափոխականության մասին, ընդունեց զինքը իր հերոսներեն մեկը, ծաղկեփունջեր նվիրելով անոր։ Այն օրվան ծնված բոլոր տղամանուկները ութն օր հետո մկրտվեցան և անվանակոչվեցան Բուրբոն՝ ի հիշատակ մեծ հեղափոխական հերոսի։

Հերոս Բուրբոնյանը չբավականացավ ճառախոսություններով, զորոնք արտասանեց զանազան փողոցներու մեջ և մեծ հրապարակներու վրա, այլ միացած թուրք քաղաքական