Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/428

Այս էջը հաստատված է

ավելի ճակատի մազը կանխահասորեն թափելուն, քան իմացական լայնաճակատության, քիթը քիչ մը հակած դեպի աջ կողմը, կը խոսեր ռնգային և կանացի խեղդված ձայնով, խոսած ժամանակն ալ ուսերը քիչ մը վեր կառներ, տեսակ մը կիսաեվրոպականացած գավառացիի ձախավեր արտահայտությամբ, հագած էր սև ռեդինգոթ, լամբակին վրա զետեղած էր մեծ, ճերմակ ծաղիկ մը, մատները անցուցած մեկե ավելի խոշոր ակով մատանիներ, նայվածքի կապկություններով։ Իրեն ընկերակցողներեն մեկը ներկայացուց կոչնականներուն նորեկ շիք պարոնը․

— Ձեզի կը ներկայացնեմ պարոն Տիրան Ղալանյան, հայտնի Ֆանթազիոն, որ երկար տարիներ, հակառակ իր երիտասարդության, ծառայած է հեղափոխության և հայրենիքին։

Ֆանթազիոն մոտեցավ առաջին անգամ տիկիններուն և համբուրեց անոնց ձեռքերը ի զարմանս տեղացի կոչնականներուն, որոնք առաջին անգամ կը տեսնեին այդպիսի բան, հետո հերթով սկսավ պարոններուն ձեռքը սեղմել ամեն մեկուն արտասանելով իր անունը․

— Ֆանթազիո, étudiant en driot։

Երբ կարգը եկավ դեկտ․ Բուրբոնյանին, Ֆանթազիոն զննողաբար դիտեց, որովհետև մեր հերոսը տակավին չէր փոխած իր արաբական ձիավորի տարազը։

— Դուք կը ներկայանաք դոկտոր Բուրբոնյանին, արտասանեց մեր հերոսը քիթը տնկած վեր, առանց ձեռքը երկարելու։

— Դուք կը ներկայանաք Ֆանթազիոյին, étudiant en driot, պարոն, պատասխանեց շիք պարոնը առանց ձեռքը երկարելու և գրավեց իրեն հրամցված աթոռը։

Շատերուն այնպես թվեցավ, որ Ֆանթազիոն և Բուրբոնյանը իրարու արդեն ծանոթ էին և անցյալին մեջ գժտված, բայց չուզեցին ուրիշներու ներկայության զգացնել և այդպիսի տարօրինակ ձևով ներկայացան իրարու։ Ֆանթազիոն և դոկտ․ Բուրբոնյան իրարու երբեք ծանոթ չէին, բայց առաջինը՝ Տիգրանակերտ մտնելուն պես լսած էր առաջի օրվան թափորի և Բուրբոնյանի ճառերու մասին։