Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/432

Այս էջը հաստատված է

Եվրոպացի կոչնականները վերջին անգամ հաջողություն մաղթեցին Օսմանյան սահմանադրության, շնորհակալ եղան Գաբրիել էֆենտիեն և առանց երկու մեծ հյուրերուն ակնարկություն ընելու՝ հրաժեշտ առին և գացին։

Երկրորդ օրը դարձյալ տեղի կունենար մեծ խնջույք մը Ֆանթազիոյի նշանախոսության առթիվ։

Տիրան Ղալանյանի նախկին, բայց շատ սիրելի և հուզիչ սովորությունն էր՝ նշանվիլ հասած հարուստ աղջկան հետ, կորզելով մեծ գումար իր աներոջմեն զանազան սուտ պատրվակներով և անցնիլ ուրիշ քաղաք։

Գաբրիել էֆենտիի դուստրը, 18 տարեկան գեղանի օրիորդ մը, վերջընթեր զոհերեն եղավ Ֆանթազիոյի այս սովորության։ Անիկա կը խաբեր աղջիկները այն թեթևասրտությամբ, ինչ թեթևասրտությամբ որ մարդիկ առհասարակ հոտավետ ծաղիկ մը կը փրցնեն իրենց լամբակները զարդարելու։

Ոչ ոք տեղեկություն ուներ Ֆանթազիոյի անցյալ կյանքի մասին, ոչ ոքե ալ չուզեցին աղջկան ծնողները տեղեկություն առնել, որովհետև Ֆանթազիոն կը նկատվեր իդեալ փեսացու։

Նշանախոսությունն անցավ նշանակելի։ Դոկտ․ Բուրբոնյանը, որ հրավիրված էր նշանախոսության հանդեսին, ոգևորված ճառ խոսեցավ Ֆանթազիոյի իմացականության և անոր հեղափոխական փայլունության մասին։ Առաջի օրվան խնջույքին՝ Ֆանթազիոն լեցված էր ատելությամբ Բուրբոնյանին դեմ, բայց այդ իրիկուն բարեկամացան և քաշվելով անկյուն մը՝ երկար խոսեցան իրենց նախկին հեղափոխական սխրագործություններեն...

Դոկտ. Բուրբոնյան ցույց տվավ այն նամակը, որով ինք կը նշանակվեր շրջուն պրոպագանդիստ, ստորագրված Սավարյանի կողմե։

Ֆանթազիոն ինքն ալ իր գրպանի թուղթերուն մեջ շատ փնտրեց համապատասխան վավերաթուղթ մը, բայց, դժբախտաբար, չի կրցավ գտնել ըսելով, որ կորսնցուցած է։