Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/434

Այս էջը հաստատված է

Բռնի ուժով դոկտոր Բուրբոնյանը դուրս կը կանչեր այս մարդիկը և կը հանձներ ժողովուրդի զայրույթին։ Ապա թափորը կառաջնորդեր, ինք միշտ ձիուն վրա նսաած, դեպի բանտը, միգուցե տակավին մնացած ըլլային ներսը քաղաքական բանտարկյալներ։ Իր վերջին ճառը կը խոսեր այդտեղ՝ պատմելով իր բանտային հուշերեն, իր անլուր չարչարանքներեն, պոռալով.

— Կեցցե՜ն բոլոր նախկին բանտարկյալները։

Արաբկիրի մեջ դոկտ. Բուրբոնյանը ճառախոսելու մարմաջեն՝ հանդիպեցավ անմահորեն ծիծաղելի պատահարի մը։

Իր Արաբկիր մտած օրը հուղարկավորությունը պիտի կատարվեր Գալուստ էֆենտի Յամանյանի, բայց գալստյան առթիվ հետաձգվեցավ հաջորդ օրը։ Հանգուցյալ Յամանյան էֆենտիի մոտիկ բարեկամները գացին Բուրբոնյանին և խնդրեցին գալ թաղման հանդիսին և դամբանական մը խոսիլ։ Դոկտորը այդպիսի առաջարկ մը մերժելու ուժ չուներ։

Հաջորդ օրը անիկա ներկա չգտնվեցավ պատարագի, բայց երբ հուղարկավոր թափորը հասավ գերեզմանատուն, դոկտ. Բուրբոնյանը ձիուն վրա նստած՝ հասավ վայրը, իջավ ձիեն (ձիուն սանձը բռնելու համար քանիներ վազեցին, բայց մեկին միայն բախտը շնորհվեցավ), մոտեցավ դագաղին, հանդիսավոր կերպով իր գլխարկը հանեց և կանգնեցավ սպասելով երգեցողության լրանալուն։ Առաջին անգամն էր, որ մարդիկ տեսան, թե դոկտ. Բուրբոնյանը կարճահասակ մարդ էր, երբ անիկա ձիեն վար իջավ։ Իրանը գրեթե համահավասար մեծություն և լայնություն ուներ բարձրահասակ և միջակ մարդոց իրաններու հետ, բայց սրունքները ծիծաղելիորեն կարճ էին։

Դոկտորը, երգեցողութենեն ետքը, սկսավ իր դամբանականը, պատմելով հայ հեղափոխության պատմությունը և հանգուցյալը ներկայացուց իբրև զոհը այդ հեղափոխության։ Դոկտ. Բուրբոնյանը երբեք չխորհեցավ, թե հանգուցյալի մասին ինք ոչինչ չգիտեր, կասկածելի էր, թե անունը իմացած էր, կարծեց թե մեռյալը դաշնակցական էր և ներբողը կարդաց