Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/445

Այս էջը հաստատված է

կը շարժին, հողին տակեն ահավասիկ կը պոռան. —Դուք հանգչեցուցիք մեր հոգնած և ջարդված ոսկորները — ո՞ւր եք դուք, որ ավա՜ղ, չտեսաք ազատության և հերոսության արշալույսը որ բարձրացավ Արարատի ձյունապատ կատարեն և մեզ բոլորս ողողեց իր կաթոգին ճառագայթներով։ Ես ձեզի բերած եմ, ով իմ սիրելի հայրենակիցնե՛ր, այդ ճառագայթը, այդ արևը։ Այսօր աշխարհի բոլոր պատմաբանները իրենց աչքերը տնկած են մեզ, որովհետև մենք երևան կը բերենք տիեզերքի ամենամեծ երևույթը, հեղափոխություն, ապստամբություն, մահ բոլոր հին ռեժիմի մարդոց և անոնց զավակներուն։ Ինչ որ դարեր քարոզեցին աշխարհի մեծ մարդիկը՝ Թալես, Սոկրատ, Վաշինգտոն, Լյութեր, Դարվին, Լյուդովիկոս ԺԴ, քրիստափորներ, հեգելներ, շոպենհաուերներ և նիցշեներ, այսօր մենք՝ դաշնակցականներս, կը գործադրենք մեր սրբազան երկրին մեջ։

— Ով ազատ քաղաքացինե՛ր, դուք կապրիք աշխարհի պատմության ամենաերջանիկ դարուն մեջ, ձեր պապերը ստրուկ մեռան, դուք ստրուկ ծնեցաք, դուք ազատ պիտի մեռնիք և ձեր զավակները ազատ պիտի ծնին, կեցցե ազատությունը (բուռն և երկարատև ծափեր)։ Անիծվի այն մարդը, որ ազատության կը կասկածի. անիծվի այն մարդը, որ հեղափոխության ընդդեմ մտածումներ կունենա։ Այդ մարդոց գլխուն մենք պատրաստ ենք մեր ահաբեկիչներու գնդակը իջեցնել։

Այնուհետև, ըստ իր սովորության, պատմեց երկարորեն և ռազմական ճիչերով «Դաշնակցություն» կուսակցության պատմությունը, անոր հերոսներու սխրագործությունները, իր, բանտային չարչարանքները, ժանդարմներու հետ ունեցած կռիվները, իր հաղթությունները, զանց առնելով «գաղտնի դիվանագիտության մանրամասնությունները, որոնք չէին պատկաներ ժողովուրդի լայն խավերուն»։ Կոչ ըրավ զինվորագրվել իր կուսակցության։

Դոկտ. Բուրբոնյանի մտքին մեջ տակավին թարմ էր իր մանկության պատմությունը իր ծննդավայրին մեջ։ Անիկա հիշեց որ այնտեղ կային կաթոլիկ հայեր, թվով մոտավորապես 50 տուն, որոնք կը դավանեին, թե իրենք հայ չեն, այլ