ոգևորիչ ճառ մը, շեշտելով որ — հազարավորներ՝ հայ երիտասարդութենեն պիտի հետևին իրեն փշրելու համար իտալական գրոհները, ոտքի պիտի ելլեն, աղաղակեց անիկա, հայ ռազմիկները Բեյրութեն մինչև Վասպուրական և Իզմիրեն մինչև Բաշկալե։
Ժողովուրդը ցրվեցավ, զինվորական երաժշտախումբը նվագելով գնաց զորանոց, իսկ դոկտ. Բուրբոնյան տեղվույն առաջնորդին հետ հրավիրվեցավ հրամանատարին տունը ճաշի՝ ուր շարունակեց իր ճառերը, խոստանալով — կտոր-կտոր ընել իտալական բանակները։ Երեկույթին անիկա իր ծոցի գրպանեն տետրակ մը կը հաներ և հաշիվներ կըներ։ Բուրբոնյանը կը հաշվեր իր ռազմիկներուն թիվը։ Անիկա փոխանակ եղած թիվը կրճատելու կեսի կամ ավելի պակասի, ընդհակառակը թիվերը կը բազմապատկեր երկուքով, երեքով և ավելիով, կունենար հսկայական թիվ — որու առջև ոչ մեկ բանակ կրնար դիմանալ — կը մտածեր անիկա, և հուզված ու խելահեղ կառներ օղիին գավաթը և կը շարունակեր իր ճառը հավատացնելով մինչև անգամ... հայոց առաջնորդին։ Ամենեն ավելի անիկա նկատի կառներ Երզնկայի ռազմիկներու թիվը, որոնք վաղն առավոտ պիտի հավաքվեին զորանոցը, որոնք ինք անձամբ պիտի բաժներ զենքերը, ինչպես թուրք հրամանատարը խոստացած էր։
Առավոտ ոչ ոք երևաց զորանոցը, բացի Կարապետ անուն Խոլթեքենի-Բալանղացի մը, մեկ աչքը կույր, որը պատրաստ էր իր կյանքը զոհելու «մեր հերոսին» համար։ Դոկտ. Բուրբոնյանը առանց շվարելու ոգևորությամբ և քաջալերանքներով ընդունեց Խոլթեքենի-Բալանղացի Կարապետը, որ իր տեղացիներեն կը կոչվեր «թեք տապանչա» և հուսաց որ մինչև կեսօր բոլորը կուգային իր երևակայության ահռելի պարապը լեցնելու։
Իզուր սպասեց մինչև երեկո։ Բայց որովհետև ինք շատ չէր կրնար սպասել, թռուցիկները արդեն գրված էին և երկրի զանազան կողմերեն արդեն կը փութային դեպի Պոլիս, գիշերը նամակ մը գրեց թուրք հրամանատարին, որ ինք ստիպված էր շուտով մեկնիլ դեպի Պոլիս տեղավորելու համար կամավորները։ Իր երկտողով խնդրած էր հրամանատարեն