Բուրբոնյանին և հրամայեց հետևիլ իրեն: Բուրբոնյան պատրաստվեցավ հարձակիլ վրան, երբ տասնե ավելի ոստիկաններ մոտեցան և շղթայեցին զայն, ապա ձերբակալեցին հասարակության մեջ քաղաքի աչքի ինկնող անձնավորություններեն 50 հոգի և ցրվեցին ամբոխը:
Երբ Բուրբոնյանը դուրս կառաջնորդեին բակի դռնեն, անիկա դարձավ իր ետևը և ամբոխին վրա խոժոռ նայվածք մը պտտցնելե հետո` աղաղակեց.
— Ձեր արքան է ձերբակալված, ստրուկ ժողովուրդ, ինչո՞ւ եք վարաներ: Ոստիկանները լռեցուցին զինքը և տարին բանտ:
Քաղաքացիք խանութները փակեցին և տուն մտան, ամբողջ գիշերը ահ ու սարսափի մեջ անցնելով:
Բուրբոնյանը բանտի իր խուցին մեջ հանդիպեցավ Ֆանթազիոյին, որ հինգ տարվան համար բանտարկության էր դատապարտված դրամաշորթության հանցանքով: Երբ Ֆանթազիոն տեսավ իր ծանոթ Բուրբոնյանը, անմիջապես մոտեցավ քովը:
— Բարև՛, բարև՛, դոկտոր, ի՞նչպես ես, ինչու՞ քեզ այստեղ բերին, հարցուց:
Բուրբոնյանը սուրի պես կտրող նայվածք մը նետեց Ֆանթազիոյի երեսին և պատասխանեց.
— Ես դոկտոր չեմ, ստրուկ, ես արքա եմ:
Գիշերը, շղթայակապ, կը զառանցեր, անհասկանալի աղաղակներ կարձակեր, երբ քովը պառկող բանտարկյալ մը արթնցոցւ զինքը։ Բուրբոնյանը ցատկեց, շեշտակի նայեցավ զինքը արթնցնողին և զայրութով պոռաց անոր վրա.
— Մի՞թե առանց թագուհի ունենալու կարելի չէ թագավոր օծվիլ...