մարքսիզմի կողմնակից չէր։ Նախ և առաջ նա ոչինչ չէր հասկանում այդ բոլորից, երկար ժամանակ Մարքս-Էնգելսը միասին կարդալով, կարծում էր, որ Մարքսն անունն է, իսկ Էնգելսը՝ ազգանունը, բայց չէր ցանկանում, որ պրոֆեսորը շարունակեր վատ տրամադրվել դեպի նոր կարգերը և կորցներ իր հասարակական դիրքը։
— Ճիշտ է, տասնևհինգ տարի է, որ այսպես էիր բացատրում պատմական անցքերը, հիմա էլ սրանց ուզածի պես բացատրիր, ի՞նչ տարբերություն, վերջապես ի՞նչ կկորցնես։
— Կորցնում եմ հավատը դեպի պատմությունը,– պատասխանեց պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը։
Ելենա Բեգլարովնան քմծիծաղ տվեց։
— Պատմությունը,– հեգնեց նա,– կարծես քո հոր կենսագրությունն է, որ քեզ ջղայնացնում է, երբ աղավաղում են։
— Լսիր, Ելենա, ավելի կոնկրետ,– սկսեց պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը՝ չափազանց լուրջ և հոնքերը կիտած, խոր տհաճություն զգալով կնոջ հեգնությունից, բայց ճգնելով թաքցնել,— դու գիտես, վաղուց գիտես, դեռ մեր ծանոթության առաջին օրերից, որ ես իմ հոգու խորքում կրում էի մի սրբազան սեր։
— Նապոլեոնը,— ընդմիջեց Ելենա Բեգլարովնան:
— Գոհ եմ, չափազանց գոհ եմ, որ հիշեցիր, այո, դեպի Նապոլեոնը: Դու հիշում ես նաև, որ ամեն տարի, երբ դասախոսությունները հասնում էին նապոլեոնական շրջանին, նրա կյանքին, ռազմական և քաղաքական նրա գործունեությանը, ես գտնվում էի արտակարգ ուրախության մեջ, իմ տրամաբանության բարձրության չէր հասնի ոչ ոքի տրամաբանությունը: Ես գիտեմ Նապոլեոնի կյանքը՝ ինչպես իմ սեփական կյանքը, եթե մեկնումեկը ինձ հարց տա այս րոպեիս, թե Նապոլեոնը 1796 թվականի նոյեմբերի 17-ին, կեսօրից հետո ժամը 4 անց 15 րոպեին որտե՞ղ էր, ի՞նչ էր անում և ի՞նչ էր ասում, ես կարող եմ ասել առանց երկար-բարակ մտածելու:
— Դա նշանակում է, որ նրա կյանքը գիտես ավելի լավ,