դիալեկտիկայի մեթոդով»,— հայտարարեց նա։
Երբ Ելենա Բեգլարովնան խորհրդային մամուլում կարդաց ամուսնու այս հայտարարությունը, քթի տակ քնքշորեն սևին տվող բեղի վրա մի քմծիծաղ ծաղկեցրեց։ Իսկ երեկոյան երբեք էլ չանդրադարձավ այդ հարցին, նրբամտություն ունենալով չամաչեցնելու նրան, բայց պրոֆեսորն ինքը անդրադարձավ այդ հայտարարությանը և հարցրեց.
— Ելենա, կարդացի՞ր հերթական իմ կեղծիքը։
— Կեղծի՞ք։
— Այո։
— Երևակայիր, ես կարծեցի, որ անկեղծ ես ասել։
— Ինչո՞ւ այդպես երևակայեցիր։
— Տոնը շատ անկեղծ էր։
— Ա՛խ, Լենա...
— Ես կարծում եմ, որ դու ինքդ սխալ ես գնահատում քեզ, ավելի ճիշտ՝ սխալ ես վերլուծում քեզ։ Համառություն մի անի, այս նոր գիտության մեջ կան ճշմարտություններ, ըստ երևույթին։
— Որտեղի՞ց գիտես,— հարցրեց պրոֆեսորն իր կնոջ՝ ապշած նրա համարձակության վրա։
— Չգիտեմ, ինձ թվում է, վերջապես չի կարող պատահել, որ մի գիտություն որևէ ճշմարիտ կողմ չունենա, դու ինքդ էիր ասում մի ժամանակ, հիշում եմ։
Ելենա Բեգլարովնային ոչինչ էլ չէր թվում, միայն նա աշխատում էր ամուսնուն լավ տրամադրել դեպի նոր կարգերը, նա խորապես համոզված էր, որ ոչինչ, բացարձակապես ոչինչ չէր փոխվի, եթե որևէ ամբողջական պատմության կամ պատմական դեպք կամ դեմք այսպես բացատրվեր կամ այնպես, միայն տարբերությունն այն կլիներ, որ կառչելով հին տեսակետներին՝ պրոֆեսորը կկորցներ իր հասարակական դիրքը։
Այդ օրերից մեկում Բարձրագույն ուսումնական հիմնարկության մեջ, որտեղ դասախոսում էր պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը, քննության ենթարկվեցին պատմության և գրականության պատմության դասախոսների ծրագրերը։ Երկար վիճաբանություններից հետո՝ հանձնաժողովի եզրակացությունն