Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/482

Այս էջը հաստատված է

Ելենա Բեգլարովնան, չանդրադառնալով պրոֆեսորի լիրիկական տրամադրությանը, առաջը դնում էր հիմնարկից ստացված մի գրություն։ Պրոֆեսորն սկսում էր կարդալ առաջին երկու բառերը՝ «ի նկատի ունենալով... և թուղթը շպրտում էր մի կողմ, վեր էր կենում, մոտենում իր պահարանին, վերցնում մի գիրք, լավ կազմված, հաստ, ոսկեզօծ տառերով գրված շապկով և, դնելով իր սեղանին, վառում էր լույսը և խորասուզված կարդում։

Այդ ձեռագիր էր, բայց արտաքին տեսքից կարծվում էր, որ մի դասական երկասիրություն է։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, պրոֆեսորական կոչում ստանալու առաջին իսկ օրից, ինչպես պատահեց, որոշեց օրագիր պահել։ Այդ օրագիրը, մի քանի ընդմիջումներով, շարունակեց մինչև Նոյեմբերյան հեղափոխությունը, հեղափոխությունից հետո էլ մի քանի օր թեև շարունակեց, բայց հետո թողեց՝ վերսկսելու պայմանով, բայց այլևս չկարողացավ, ինչ որ գրել էր, դարձավ նրա համար մի սրբազան հիշատակ։

Երբ Ելենա Բեգլարովնան մեկ-մեկ հիշեցնում էր օրագիրը, պրոֆեսորը պատասխանում էր.

— Դեպքերն այնքան արագ են զարգանում, որ հնար չէ գրի առնել, պիտի սպասել, թող ամեն ինչ հանդարտվի, հետո։

Եվ որովհետև ոչինչ չհանդարտվեց, պրոֆ. Մելիք-Անդրեասյանը չվերսկսեց իր օրագիրը։


Դ

Արդեն երեք տարի անցել էր Նոյեմբերյան հեղափոխությունից, երբ պրոֆեսորը հիշեց իր օրագիրը և, հին կյանքի կարոտի բոցավառության հետ զուգընթաց, վերցրեց և սկսեց կարդալ։

Անսահման քաղցր կարոտով նա կարդաց պրոֆեսորական կոչման առթիվ իր ընդունած այցելությունների մանրամասնությունները, բայց երբ ավելին կարդաց, անակնկալորեն նկատեց, որ գրի էր առել բաներ, որոնք իսկապես տեղի ունեցել էին, բայց շատ չնչին արժեք էին ներկայացնում, անսահման