Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/483

Այս էջը հաստատված է

հետաքրքրությամբ կարդաց պատմական անցքերի շուրջը տեղի ունեցած վեճերը, որոնք հոգածությամբ արձանագրել էր, և գտավ, որ իր այն ժամանակվա տեսակետների մեջ շատ ծիծաղելի կետեր կային։ Մի տեղ կարդաց իր ձեռքով և սևով սպիտակի վրա գրված. «Այս կետը մութ է մնում ինձ համար»։ Պրոֆեսորը ծիծաղեց, նրա ծիծաղը նկատեց մինչև անգամ Ելենա Բեգլարովնան։ Այդ կետը բոլորովին մութ չէր այժմ, այլ ամբողջապես պարզ և պայծառ։ Երբ պրոֆեսորը եզրակացրեց, որ այդ կետի մթությունը պայծառացել, լուսավորվել էր իր համար՝ իրերը և պատմական երևույթները նոր գիտության լույսով դիտելով, պարզապես վատ զգաց, նրա կոկորդն սկսեց ճնշվել, շունչը ծանրացավ։ Ուրեմն, նոր գիտությունը՝ մարքսիզմը, հակառակ իր բուռն դիմադրություններին, մուտք էր գործել իր դատողության մեջ, հակառակ իր կամքին՝ այդ գիտությունը կանթեղներ էր վառել իր իմացականության մեջ։

Այդ երեկո պրոֆ. Մելիք-Անդրեասյանը թողեց օրագրի ընթերցումը, քնքշությամբ փաթաթեց այն լրագրի մեջ, դրեց պահարանը և ուզեց մի գիրք վերցնել կարդալու՝ պարզապես խուսափելու համար Ելենա Բեգլարովնայի հետ խոսակցության բռնվելուց, որովհետև զգաց, որ կինն անհամբեր սպասում էր օրագրի ընթերցման ավարտմանը՝ մի քանի հարցեր ուղղելու համար։ Երբ պահարանում գտնված գրքերը արագ նայվածքով աչքի անցկացրեց, տեսավ, որ շատ նոր գրքեր էին ավելացել իր հին գրքերի վրա՝ Մարքս, Էնգելս, Լենին և այլն։ Ինքն էլ չիմացավ, թե ինչու վերցրեց Էնգելսի «Անտի-Դյուրինգ»-ը, մոտեցավ իր գրասեղանին և սկսեց կարդալ։ Նա սկսեց կարդալ միայն այն կետերը, որոնց դեմ որոշ նշաններ էր արել․

«. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .»

— Ելենա, ճիշտ է,— բղավեց հանկարծ պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը և ոտի կանգնեց։

— Ո՞վ է ճիշտ, ի՞նչն է ճիշտ,— հարցրեց Ելենա Բեգլարովնան։