— Եթե հաստատեն։
— Չեմ հավատա։
— Եթե հավատաս։
— Կաշխատեմ չհավատալ։
— Նու, շատ աշխատեցիր և չկարողացար դիմադրել և, հանկարծ, հավատացիր, անկեղծորեն հավատացիր, ի՞նչ կանես։
— Այդպես բան չի կարող լինել, Միքայել։
— Եթե, նու, եղավ,— զայրացած բղավեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը...
— Այն ժամանակ... չգիտեմ...
Ելենա Բեգլարովնան սկսեց լաց լինել։
Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը երկար լսեց կնոջ լացը։ Նրա հեկեկանքն առաջանում էր իր հավատքի հավանական փլուզումից։ Այդ հեկեկանքը խոր թախիծով և ջերմագին գորովանքով լցրեց պրոֆեսորի սիրտը։ Այդ լացը ոչ ոք այնպես խորը չէր կարող ըմբռնել, ինչպես պրոֆեսորը։ Նա տեսնում էր իր կնոջ ջինջ արցունքի մեջ հոգու աղջամղջային մռայլությունը։ Նա տեսնում էր այդ հոգին կուչ եկած, կծկված, մենակ և անօգնական, ինչ-որ մարմարյա, հին, փառահեղ շենքի ավերակների մեջ նստած։ Ահա և ինքը, իր կնոջ նման, ավելի սրտաճմլիկ և ավելի ողբալի ավերակների մեջ, միայն այն տարբերությամբ, որ կինը լաց էր լինում, զովացնում էր հոգու երաշտը, իսկ ինքը միայն ողբում էր և այրվում ամառնային միջօրեի տապում, կրակի պես կիզիչ քարերի արանքում, չոր, խանձած, դարավոր ծարավով տոչորված վայրի բույսերի մթնոլորտում։
— Իհարկե, աստծու գոյության գաղափարը հավիտենական է, և ոչ ոք չի կարող հակառակն ապացուցել, դրա մասին լաց լինելու կարիք չկա,— ասաց վերջապես պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, իր թևերի մեջ սեղմելով Ելենա Բեգլարովնային։— Դու ապահով ես,— շարունակեց պրոֆեսորը,— քո հավատքն աստվածն է, և ոչ ոք չի կարող իր զենքը հասցնել նրան, բայց իմ պատմական տեսություններն այլ են, Լենոչկա, իմ տեսություններին խփում են չորս կողմից, խփում են անողոքաբար, և նրանք փշրվում են մեկը մյուսի