Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/5

Այս էջը հաստատված է

է պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանի՝ սովետական դիրքերն անցնելու երկարատև ու տվայտանքներով լի պրոցեսը։ Այդ պրոֆեսորի տատանումներն ու երկվությունը վերջ են գտնում միայն այն ժամանակ, երբ նա ընկնում է արտասահման, տեսնում է իր երազած Եվրոպան և անմիջականորեն շփվում նրա ստին ու կեղծիքին։ «Սուտը, բացարձակ սուտը զարթեցրեց նրան», և նա վերադարձավ հայրենիք արդեն վերածնված, իբրև ճշմարիտ սովետական մարդ և կրակին հանձնեց իր անցած տարիների հիշատակարանը, այդպիսով խզելով իր կապերն անցյալի հետ։ Վահան Թոթովենցը չունեցավ իր գրքի հերոսի տառապալից անցումը, նա ավելի վաղ էր տեսել կապիտալիստական աշխարհի «բացարձակ սուտը» և 1922 թվին հայրենիք գալով չուներ ներքին տատանումներ։ Նա եկավ սրտաբաց և իր ազնիվ գրիչն անվերապահորեն նվիրեց հայ վերածնված ժողովրդի նոր կուլտուրայի և գրականության ստեղծմանը։

Թոթովենցը որոնող և խիզախող հեղինակ էր։

՜Նրա բեղմնավոր գրչի թեմատիկ ընդգրկումները բազմազան են և լայն. նրա տեսադաշտի մեջ են և՛ հայ ժողովրդական էպոսը, և՛ Կ. Պոլսի ամիրայական միջավայրը, և՛ Արևմտյան Հայաստանի տառապալից իրականությունը, և՛ Ամերիկան իր անհաշտելի ներհակություններով, և՛ Կովկասի պատմա-հեղափոխական անցյալը, և՛ Սովետական Հայաստանի նոր իրականությունը... Եվ այդ դեպքերում երևում են գրողի ինքնատիպ դեմքը, նրա կրակոտ տեմպերամենտը, զգացմունքների անզուսպ զեղումները, ընդհանրացումների ընդունակ միտքը։

Թոթովենցի ստեղծագործության մեջ աչքի է ընկնում հայ ժողովրդի, մասնավորապես արևմտյան հատվածի, մոտավոր անցյալի գեղարվեստական արտացոլումը։ Այդպիսի երկեր են, օրինակ, «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա», «Բաց կապույտ ծաղիկներ», «Աղավնիներ» և այլն։ Նա խոր հուզականությամբ, սիրով ու մորմոքով պատկերում է անցած և անհետացած մի իրականություն՝ լի դառնություններով և ողբերգություններով։ Այդ երկերից առաջինը հեղինակի մանկության և պատանեկության պատմությունն է։ Գիրքը չունի կուռ ամբողջականություն, էպիզոդային է, սակայն գրված է ճշմարիտ վարպետությամբ, նկարագրված դեպքերն ու դեմքերը տրված են իրենց ամենաբնորոշ գծերով։ Սկսելով ընտանեկան նեղ շրջապատից, իր ծնողների և ապա մյուս մոտիկ մարդկանց գեղարվեստական նկարագրից՝ Թոթովենցը հետևողականությամբ ընդարձակում է իր տեսադաշտը և լուսարձակի տակ է առնում ավելի լայն իրականություն՝ նորանոր դեպքերով ու դեմքերով և ընթերցողին տալիս է մի ամբողջ ուրույն աշխարհ՝ լի անցողիկ քաղցրություններով և տևական դառնություններով։

Թոթովենցը մի քանի բնութագրիչ դեպքերով և գործողություններով, երբեմն մի քանի շտրիխներով ստեղծում է ամբողջական բնավորություններ։ Նրա հայրն ու մայրը հակոտնյա բնավորությունների տեր մարդիկ են։ «Երկուսն էլ համառ էին։ Հայրս համառ արիստոկրատ էր։ Մայրս՝ համառ դեմոկրատ»։ Եվ այդ երկու տարբեր մարդկանց դիմանկարները տրված են