Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/50

Այս էջը հաստատված է

թարմությունը, բերում էին իրենց հետ աստղերի ձայնը։ Երբ Մարանն արձակում էր իր առաջին խրխինջը, մեզ թվում էր, որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում:

Մայրս ասում էր հորս.

— Հաջի էֆենդի, կենե տունը եղավ տունը։

Տունը տուն դարձնողը Հակոբն էր և իր անասուն ընկերը, մի անբաժանելի և ամենացանկալի մասը տան, որի ձայնը կախվում էր մեր տան բոլոր պատերից, անկյուններից, առաստաղից և պարտեզի բոլոր ծառերի ճյուղերից։

Հակոբը քաշում բերում էր երեխայի օրորոցը, երեխան մեջը, դնում բակի մեջտեղը և ասում Մարանին.

— Վրայեն անցիր։

Մարանը ծառս էր ելնում, խրխնջում և թեթևաբար ցատկում երեխայի օրորոցի վրայից ու վերադառնում, լիզում Հակոբի ձեռքը, իսկ Հակոբը փոխադարձ՝ համբուրում էր նրա ճակատի հավկթաձև սպիտակը։

Մեծ զվարճալիք էր մեզ համար, երբ Մարանը գնում էր ավազանի ափին, նայում ջինջ ջրի մեջ և տեսնելով իր արտացոլումը՝ ցատկում էր, նորից նայում, էլի տեսնում, էլի վեր-վեր ցատկրտում և վերջ ի վերջո դունչը մոտեցնում ջրին, փռշտում, որից ջուրն ալիքավորվում էր, պատկերը բեկբեկվում, և ուրախանալով, որ հաղթեց ջրի խորքում եղող ինչ-որ անասունի, խրխնջում և վազում էր դեպի պարտեզի կեռասենիների ծառուղին, այդ ծառուղուց մի ուրիշ ծառուղի, մինչև պարտեզի մութ թավուտները։

Հակոբը, պատահեր, որ հյուր գնար մի տեղ և ստիպված լիներ երկար մնալու, կգտներ մի պահ, կծլկվեր հյուրընկալողներից, կգար տուն, Մարանին կտեսներ և նորից կգնար։ Եթե չգար, դա նշանակում էր, որ մայրս նրան խոսք տված կլիներ՝ շատ մոտիկից հսկել Մարանին, ամեն րոպե չհեռացնել նրան իր աչքերից։

Իսկ եթե պատահեր, որ Մարանին հետը տաներ (շատ անգամ էր տանում, որովհետև հաճախ Հակոբը հրավիրվում էր Մարանի հետ, մի տեսակ՝ հանդերձ ընտանյոք), Հակոբը մի ձու էր դնում նրա գավակի վրա և այդպես տանում։ Մարանը,