Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/516

Այս էջը հաստատված է

և թույլ տալիս նրան, որ օգտվի այդ գրադարանից լայնորեն։ Անանյանը ժամերով մնում էր պրոֆեսորի տանը, կարդում, գրում, նոթեր վերցնում, թեյում այնտեղ և այլևս համարվում էր այդ տան անդամներից մեկը։ Թե՛ պրոֆեսորը և թե՛ Ելենա Բեգլարովնան այնքան էին վարժվել նրան, որ պատահեր՝ չգար, զգում էին նրա բացակայությունը։

— Վագրամ Տիգրանիչ, երեկ որտե՞ղ էիք,— հարցնում էր Ելենա Բեգլարովնան։

— Ներեցեք, Ելենա Բեգլարովնա, հոգնած էի, ուզեցի պարզապես թրև գալ,— պատասխանում էր Անանյանը։

Անանյանի համար էլ Մելիք-Անդրեասյանի տունը անխուսափելի մի երևույթ էր, այնտեղ չեղած օրը ինչ-որ մի դատարկություն էր զգում։


ԺԲ

Բարձրագույն ուսումնական հիմնարկության վարչությունը որոշեց պրոֆեսորներից մեկին գործուղել արտասահման, վեց ամսով, հատկապես Փարիզ, և վարչության նիստում գրեթե ոչ մի առարկություն չեղավ, երբ հիմնարկության դիրեկտորն առաջարկեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանի թեկնածությունը։ Ամբողջ հիմնարկության մեջ պրոֆ. Մելիք- Անդրեասյանն այն անձնավորություններից մեկն էր, որ երկրի խորհրդայնացման գրեթե առաջին իսկ օրերից անվերապահ կերպով կանգնած էր խորհրդային պլատֆորմի վրա, և վարչության ոչ մի անդամը չէր կարող որևէ լուրջ առարկություն հարուցել նրա թեկնածության դեմ։

Բայց պրոֆ. Մելիք-Անդրեասյանի համար այս որոշումը գրեթե անակնկալ էր, որովհետև արտասահմանյան գործուղման մասին ոչ մի խոսակցություն չէր եղել նախապես։

Հիմնարկության դիրեկտորը երբ պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանին հաղորդեց այս որոշումը, վերջինիս գլխում ծագեց անմիջական կերպով մի լուսավոր միտք, գնալ արտասահման և չվերադառնալ, վերջ տալ այն դաժան, մաշեցնող