Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/528

Այս էջը հաստատված է

նրանք հանկարծ քաշեցին և բաց արին պայուսակների կողքերի և հատակների աստառները, որից պրոֆ. Մելիք-Անդրեասյանը պարզապես կատաղեց։

— Պատճառ մի՛ լինեք, որ ես զղջամ այս երկիրը գալուս համար,— ասաց պրոֆեսորը և եթե նա չհայհոյեց բոլոր պաշտոնյաներին, նրա համար էր, որ վարժված չէր հայհոյանքի և ապա ֆրանսերեն ոչ մի հայհոյանք չէր իմանում․ նա ֆրանսերեն սովորել էր համալսարանում և ապա տիրապետել էր լեզվին անընդհատ կարդալով։

Նորից բարձրացավ անսիրտ հռհռոցը։

Ապա պայուսակներից դուրս բերված իրերը ետ լցրին խառնիխուռն, անցագրի վրա ինչ-որ մակագրություն արին և պայուսակները տալով ձեռքը՝ նշան արին որ վերցնի և գնա։

Մեծ դժվարությամբ վերցրեց պրոֆ. Մելիք-Անդրեասյանը ծանր պայուսակները և դուրս եկավ գրասենյակից։

Նա շրջվեց առաջին խաչաձևող փողոցը, պայուսակները դրեց մայթի վրա, սրբեց ճակատի քրտինքը և սկսեց նայել տարտամ ու անորոշ։

Վերջապես չկարողացավ դիմադրել ներքին հզոր մղումին ու արտասանեց՝ «դեմոկրատիա»։ Առանց ուզենալու բառն արտասանվեց հեգնությամբ, և նա զգաց, որ հեգնությունն առաջին անգամն էր շաղախվում այդ բառին։ Հոգեկան մի խռովություն, խառնված ջղայնությունից առաջացած սառը քրտինքին, պատեց նրա ողջ էությունը։


Երբ տեղավորվեց գնացքում, և նիկոտինը ներծծվեց մարմնի ամենահեռավոր խորշերը, պրոֆեսոր Մելիք-Անդրեասյանը, կարծես, վերադարձավ իր հոգեկան նախկին հանգստությանը։ Նա երկար ժամանակ խորունկ հափշտակությամբ լսեց ֆրանսերենը, որ խոսում էին ֆրանսիացիներն իր շուրջը՝ թռչկոտող և թռչող, երբեմն ոստոստող մի լեզու, կարծես, ինչ-որ փշրվում էր, պայթում և հնչում։

Պրոֆ. Մելիք-Անդրեասյանը մոռացավ ամեն անախորժություն,