Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/529

Այս էջը հաստատված է

որին հանդիպել էր նա առավոտյան՝ կոպիտ պաշտոնյաների կողմից, սկսվեց նրա համար դաձյալ երազային կապույտը, թեթև ր օրորուն․․․


ԺԶ

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .


ԺԷ

Առաջին առավոտը, երբ զարթնեց պրոֆ․ Մելիք-Անդրեասյանը, պանդոկի նրա փոքրիկ սենյակը ողողված էր արևով։ Վեր կացավ, դիտեց Փարիզը լուսամուտից։ Նոտր-Դամի վրա, կարծես, արևը թափվում էր կաթիլ առ կաթիլ, միջնադարյան խոժոռ քիմերաները լողանում էին ժամանակակից արևի վարար ջրվեժի տակ։ Տաք, դուրեկան մի զգացում պատեց նրան, մի պահ չկարողացավ հավատալ թե Փարիզումն է, մի՞թե քիչ հետո չպիտի դասախոսի իր ամբիոնից, մի՞թե պատմության բոլոր հին հասկացողությունները նորից վերականգնվեցին արդեն, մի՞թե այլևս ոչ մի կեղծիք, ոչ մի հայհոյանք իր պաշտած պատմական հերոսների հանդեպ։ Օ՜հ, այլևս ոչ մի ժողով՝ մեթոդի, մոտեցման, աշխարհայեցողության և աշխարհազգացումի հարցերի շուրջը, ոչ մի սրտամաշուք վեճ։ Փարի՜զը․․․ համաշխարհային դեմոկրատիայի լուսապայծառ կենտրոնը, բոլոր երկրների, բոլոր ազգությունների դժգոհ տարրերը հավաքվել են այստեղ և գտել են իրենց ազատ ոգու հանգրվանը, Փարի՜զ, Փարի՜զ․․․

Մելիք-Անդրեասյանը դիտեց Փարիզի հին շենքերը, որոնց գագաթները երևում էին իր լուսամուտից՝ արևի վարդագույն փրփուրի մեջ օրորուն, շենքեր, որոնց մանրամասն պատմությունը գիտեր ինքը՝ Արևմտյան Եվրոպայի պատմության մասնագետ պրոֆեսորը, դիտեց և նոր շենքերը, որոնց