Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/532

Այս էջը հաստատված է

ետ ընկած միջավայր՝ ուսուցչությամբ զբաղվելու, մեծահարուստ և գոռոզ Միրզա-Նուբարյանն իրեն բռնել էր ուժեղ ձեռքերով, բարձրացրել վեր և ուղարկել մայրաքաղաք՝ բարձրագույն կրթություն ստանալու։ Այժմյան իր պրոֆեսորական դիրքը, հենց պրոլետարական իշխանության կողմից Փարիզ գործուղումը պարտական էր Միրզա-Նուբարյանի բարերարության, եթե ոչ Նոյեմբերյան հեղափոխությունն իրեն կգտներ մի հասարակ ուսուցիչ, և մի կյանք էր հարկավոր, որպեսզի կարողանար բարձրանալ այժմյան դիրքին։

Եվ ահա ինքը բարեկամ է այն իշխանության և դասակարգին, որ իր բարերարին քշեց երկրից դուրս և հափշտակեց նրա հարստությունը։

«Կլինեմ անկեղծ, կպարզեմ այն դաժան կացությունը, որի մեջ ոչ միայն ես, այլև ամբողջ ինտելիգենցիան էր գտնվում»,— որոշեց նա մտքում և բարձրացավ ապարտմանի վեցերորդ հարկը ու հնչեցրեց զանգը։

Դուռը բաց արավ Աննա Ջումշուդովնան և, ճանաչելով Մելիք-Անդրեասյանին, սաստիկ վատ զգաց։

Մելիք-Անդրեասյանը սովոր էր, Բաքվում Աննա Ջումշուդովնայի և Միրզա-Նուբարյանի մոտ գնալիս՝ տեսակցել նախ և առաջ տան գլխավոր ծառայի հետ, խնդրել տեսակցություն և ապա ընդունվել ներս, բայց ներկա պայմաններում Աննա Ջումշուդովնան ինքն էր դուռը բաց անում։

— Աննա Ջումշուդովնա,— բացականչեց Մելիք-Անդրեասյանը և համբուրեց նրա ձեռքը։

Աննա Ջումշուդովնայի աչքերը հեշտությամբ խոնավացան, և ոչինչ չպատասխանեց, բայց բաց չթողեց Մելիք-Անդրեասյանի ձեռքը և քաշելով նրան տարավ ներս։ Միրզա-Նուբարյանն զբաղված էր լրագիր կարդալով և գլուխը վեր չբարձրացրեց, կարծելով, որ Աննան է միայն ներս մտնողը։

— Ալեքսանդր Իվանիչ․․․ բացականչեց Մելիք-Անդրեասյանը և մոտեցավ նրան։

Ալեքսանդր Իվանիչը ևս անմիջապես ճանաչեց իր նախկին սանին և, ոտի կանգնելով, համբուրեց նրան։

Երբ Մելիք-Անդրեասյանը նստեց աթոռին՝ Միրզա-Նուբարյանի դեմ-դիմաց, ոտը ոտի վրա նետելով, Միրզա-Նուբարյանը