Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/540

Այս էջը հաստատված է

— Ոչ, երևի չգիտեմ,— միամտորեն, պարզունակությամբ պատասխանեց Վահրամը։

— Ուրեմն դուք չեք հասկանա, թե ինչու այդ նամակը պարունակում է իր մեջ թախիծ և արցունք։

Լռության մեջ լսվում էր միայն երկուսի շնչառությունը, արտասովոր, իրենց իսկ համար տարօրինակ։

— Վագրամ Տիգրանիչ, ես սիրել եմ Միքայելին, ես սիրել եմ նրան դեռ այն ժամանակ, երբ նա թոշակառու ուսանող էր, իմ ծնողները հակառակ էին այդ ամուսնության, ճիշտ է, ես վայելել եմ փոխադարձ սեր, ու ահա, ըստ երևույթին, ամեն ինչ կործանվում է։

Անանյանը ոչինչ չկարողացավ հասկանալ, ապշահար նայեց Ելենա Բեգլարովնային։ Վերջինս գերագույն ճիգով զսպեց արցունքների մի նոր ուղխ, որ բարձրացավ սրտից և խուժեց աչքերը։ Անկարելի եղավ զսպումը շարունակել, պղտորվեց նրա աչքերի պայծառությունը, կոպերից կախվեցին կաթիլներ և ընկան Վահրամի ձեռքերի վրա։

— Նա չի վերադառնալու, ես ձեզ վստահեցնում եմ, նա այլևս չի վերադառնա այս երկիրը,— շշնջաց Ելենա Բեգլարովնան և ընկնելով Վահրամի կրծքի վրա՝ սկսեց հեկեկալ, ավելի դառնորեն, քան մենակ եղած ժամանակ։

Վահրամը ցնցվեց ամբողջ մարմնով, նրան պատեց մի այնպիսի զգացում, որին մինչ այդ բոլորովին անծանոթ էր եղել։ Քսան և վեց տարեկան երիտասարդը հանկարծ գրկեց Ելենա Բեգլարովնային, թեթևորեն բարձրացրեց, նստեցրեց իր ծնկների վրա և նրանց շրթունքները փարվեցին իրար։

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .


Վահրամ Անանյանը եկել էր իր առօրյա պատմական ընթերցումն անելու պրոֆ. Մելիք-Անդրեասյանի գրադարանում, և ահա նրա առաջ բացվեց կյանքի գիրքը, որի թերթերը շրջելիս՝ նրան թվաց, որ քայլում է կեռասենու պարտեզից լուսնի շողերի տակ, գիշերային նվագի թևերի վրա օրորուն։ Կյանքի գիրքը բուրում էր այնպես, ինչպես նոր քաղված և թոշնած խոտը, որից անդրադառնում էր թարմություն և զովություն։