Մի օր հայրս թե՝
— Հը՞, Մարգրիտ, աղջիկ գտա՞ր։
— Դուն հրեշտակ կուզիս, աշխարքի մեջ հրեշտակ կա՞։
— Հա, հրեշտակ կուզիմ, բերանդ պագնիմ, աղեկ ըսիր, հրեշտակ կուզիմ։
— Հրեշտակ չիկա։
— Կա,— վճռական պատասխանեց հայրս,— հրեշտակ կա, հրեշտակն ըլ գտեր եմ։
— Վո՞վ։
— Գրիգոր աղային աղջիկը։
— Պզտիկ է։
— Թող ըլլի, դուն տասներեք տարեկան էիր,— պատասխանեց հայրս։
Մայրս լռեց, ամաչեց և ապա գտավ, որ ճիշտ էր ասում հայրս։
Ի վերջո մայրս հարցրեց.
— Կուտա՞ն։
Արդեն այստեղ վիրավորվեց հորս արիստոկրատիզմը։
— Ես ուզեմ, թող չիտան, աղջիկը տասնիրեք, տղան՝ տասնութը, ինչո՞ւ չպիտի տան։
— Ասլանի պես ալ տղա,— ավելացրեց մայրս։
Գրիգոր աղայի աղջիկը, Եղիսաբեթը, իսկապես գեղեցիկ էր, հորս մտապատկերում գոյություն ունեցող աղջիկն էր, նա նման էր Միլոսյան Վեներային, ավելացրած նրա վարդագույն մարմինը և կոկորդի վրա մի սև խալ, թռչկոտուն և կարկաչուն մի աղջիկ, որի մասին երբ մայրս հայտնել էր Հակոբին, Հակոբը ժպտացել և փաթաթվել էր մորս։
Մի երեկո հայրս և մայրս գնացին Գրիգոր աղայի մոտ և երկար-բարակ ուրիշ խնդիրների մասին խոսելուց հետո՝ խոսք էին բաց արել Եղիսաբեթի մասին։
— Հաջի էֆենդի, մեր աղջիկը ձերն է, բայց քիչ մը ժամանակ տուր մորը հետ դանըշմիշ ըլլիմ,— ասել էր Գրիգոր աղան։
— Շատ աղեկ,— պատասխանել էր հայրս։
Մյուս օրը երեկոյան մենք ստացանք մի մեծ սինիով փախլավա Գրիգոր աղայի տնից՝ ի նշան համաձայնության։