Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/562

Այս էջը հաստատված է

Հողը բացել է սիրտը, թափում է դուրս իր գույներն ու ձևերը, երգում է և ինքը՝ գիշերային լռությունը, կարկաչում են առվակները, գլգլում, վազում, վազում, վազում։

Վազում է և մարդկային սիրտը, արյունալիքը և տաք։


2

Կարոտագին և դողդոջուն ջերմությամբ բացվում է և բյուրավոր ծալքերից մի ուրիշը։

Այնտեղ ընկած է ծիրանի ծառի երկու տերև, տակավին թարմ և զվարթ, տերևների տակին շուշանի պես սպիտակ մի ձեռք, որի վրա կաթում են գիտնականի տաք արցունքները։ Ձեռքը սարսռում է արցունքի տաքությունից և կենդանանում: Արցունքների տաքությունից սարսռում են և տերևները և աճում, և ահա նրա սրտի վրա բարձրանում է ամբողջ ծիրանի ծառը, սաղարթագեղ ու զովաշունչ։

Կապույտ մշուշի միջից, ինչպես շուշանը գիշերի արգանդից, բացվում է մի չքնաղ աղջիկ, չքնաղ` ինչպես լուսաստղը պաղպաջուն երկնքում, գալիս, կոխում է գիտնականի սրտի վրա և փաթաթվում ծիրանի ծառի բունին, փաթաթվում է՝ ինչպես բաղեղը, ինչպես բոցը, ինչպես շողը։ Նրա վճիտ աչքերում լայնանում է միջնամառային խաղաղ երեկոն։ Արևն արդեն թեքվեց սարերի ետև, բայց ձառի սաղարթների մեջ ծիրանները վառվեցին իբրև կանթեղներ, վառվեցին և աստղերը խոր երկնքում։ Որո՞նք են աստղերը և որո՞նք են ծիրանները։ Նրանք շողում են, իբրև արևի փշրանքներ։ Վաղուց մթնել են սարերի կատարները, և արևի շողերը դուրս են եկել լեռնային կապույտ լճակի ջրերից։ Մթնել է և պայծառ լճակը, կարծես դուրս է եկել նրա ալիքներից մի մերկ աղջիկ՝ շուշանաշատ լանջով։ Միջնամառային իրիկնային հովը շնկշնկում է և տարուբերում աղջկա ծամերը՝ ինչպես բոցը քամու առաջ։ Բուրում է և՛ ծամը, և՛ խոտը։ Լուսնի սադափյա ցոլքերն ընկան խոտերի, եգիպտացորենի սրաձև տերևների վրա և արևածաղկի բաժակի մեջ։ Լուսնկա գիշերում վառվում են ծիրանները, և շողում են աղջկա աչքերը։