էր նրա ողորկ և վարդագույն թևը, թեթև աղվամազով՝ ինչպես դեղձը։ Ժպտում էր նրա ձեռքը։
Ոչ ոք չի խոսում, բայց երկուսն էլ լսում են իրենց նայվածքների ձայնը։ Երիտասարդ ուսանողը նայում է նրա ճակատին, և նրան թվում է, որ արևը, մայր մտնելուց հետո, նորից բարձրացավ սարի գլխին։
— Կուժն ինձ տուր։
— Չէ։
Ուսանողը վերցրեց կուժը, և նրանք քայլեցին. Արևհատը խաղում էր կրծքին թափված ծամերի հյուսկենի հետ։
— Ե՞րբ ես եկել։
— Այսօր։ Քիչ առաջ։
Արևհատը ժպտաց՝ գլուխը թեքելով։ Պայծառացավ երեկոն ուսանողի հոգում։ Մոտեցան տանը։ Արևհատը վերցրեց կուժը և թռավ ներս. կուժը դրեց անկյունը, ձեռքը տարավ կրծքին։ Թպրտում էր սիրտը։
— Աղջի՛, Արևհա՛տ, ջուրն ո՞ւր մնաց։
— Այստեղ է, նանի։
Արևհատի ձայնը դողում էր։
— Աղջի՛, ի՞նչ եղավ։
Հաջորդ առավոտյան նրանք նորից հանդիպեցին, լռության մեջ նրանք լսեցին իրենց սրտերի տրոփյունը։
Էլի հանդիպեցին և էլի լռեցին։
Անցան արձակուրդային օրերը, և ուսանողն անէացավ գյուղի հորիզոնից։ Նրանից Արևհատի հոգում մնաց մի քաղցրագույն մորմոք, չհագեցված մի ծարավ և անսահման ու ահավոր մի անձկություն։
— Աղջի՛, էս ի՞նչ եղավ քեզ,— հարցրեց նանին։
— Ոչինչ, նանի,— պատասխանեց Արևհատը՝ զսպելով արցունքները։
Եվ եկավ աշունը, ոսկեղեն և ցուրտ, եկավ և ձմեռը, սպիտակ և թախծոտ, բացվեց և գարունը, առվակները երգեցին սառցի տակ, սառցի տակից կանաչավառ ժպտաց խոտը, հաչեցան և սառույցները, ծաղկեց խնձորենին, ծաղկեց և ծիրանի ծառը։