Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/566

Այս էջը հաստատված է
4

— Եկել է, եկել է,— ձայնեցին գյուղի աղջիկները։

Արևհատը բնազդորեն, բնազդը սիրող աղջկա, զգաց, որ նա է։ Ձեռքերով սեղմեց կուրծքը, բայց սիրտը թռավ, և ինքն էլ թռավ կտուրը, սլացող սրտի ետևից։ Պահվեց նա խիտ բաղեղների միջև։ Անսահման անհանգստություն կար նրա հոգում, անհանգստություն, որ ուրախություն է պատճառում ջահել աղջկան։ Թափուր էին նրա թևերը, ուզում էին լցվել։

— Աղջի՛, Արևհա՛տ...

Նորից նանիի տխուր ձայնը՝ միալար և անգութ։ Արևհատի ուշքը դեպի աղբյուրն է, որ գյուղի ծայրին գլգլալով դուրս է դալիս մուգ-կապույտ քարի բացվածքից։

— Աղջի՛...

Արևհատը մի ճեղք բաց արավ խիտ բաղեղների մեջ և սկսեց դիտել դեպի գյուղի աղբյուրը, աղբյուրը տանող փողոցը և փողոցի շարունակությունը կազմող արահետը։

— Աղջի՛․․․

Ոչինչ չի լսում Արևհատը, դիտում է նա անձկությամբ, հազիվ սիրտը բռնած։ Ահա նա այնտեղ է, արահետի ծայրին կանգնած, ուսանողական բաճկոնը հագին։

Արևը սարի գլխին էր, ոսկեշռայլ և մեծ։ Փայլում էին նրա կոճակները, փայլում էր նրա ճակատը, և մթնշաղի հովը տարուբերում էր նրա մազերը։

Նախիրն իջավ սարից, բառաչները լցրին գյուղի լռությունը։ Նանին դիմավորեց «Մարոյին», տարավ գոմը։

Արևհատը սողոսկեց տանից դուրս։ Նա հանդիպեց ուսանողին՝ նախիրի բարձրացրած փոշու մշուշում, աղբյուրի մոտ։ Ուսանողը բռնեց նրա թևը, Արևհատը քնքշությամբ ազատեց թևը, դեռ մութը չէր բարձրացել, և կային ծակող աչքեր, բայց արյունակալվեց արևը, ընկղմվեց սարի ետև, իրիկունը կապույտ թևերով բարձրացավ ձորից, քայլեց ողջ անսահման դաշտով, պարածածկեց գյուղը և բարձրացավ սարը։

Իջան գիշերի կապույտ թևերը, թանձրացան և սևացան։