Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/570

Այս էջը հաստատված է

է ասել ամեն ինչ, պետք է գաղտնիքը փոխադրեք և մոր սիրտը։ Թող մոր սիրտը ևս հրճվի ու տանջվի։

— Նանի ջան,— սկսում է Արևհատը,— նա սիրուն է, ջահել և ուժեղ, նրա դեղին կոճակները փայլում էին՝ ինչպես ապրիմ-չապրիմի ծաղիկները, նրա ճակատը բարձր է և խելոք, նանի ջան, սիրում եմ ես նրան, ինչպես դու էիր սիրում իմ հորը։

— Աղջի՛, ամոթ է։

— Ամո՞թ, ինչո՞ւ, նանի ջան։

Նանին համբուրում է Արևհատին, որպեսզի սրբի նրա երեսից ամոթը, որ վարդագույն է, և բռնելով նրա ձեռքից՝ դուրս է քաշում անկողնից, բերում է լուսամուտի առաջ և ցույց է տալիս նրան լուսինը։

— Հորդ գլուխն է, որ թափառում է երկնքում, գերեզման է որոնում։

— Քո սերն է, նանի, որ անհանգիստ է այդպես, քո սիրտն է, նանի ջան, որ ման է գալիս ձորերը, հանդերն ու երկինքները և որոնում է իր սերը։

Եվ կեսգիշերից հետո, լուսամուտից ներս ընկած դժգույն շողերի տակ թափում են մայր ու աղջիկ բուռ-բուռ արցունքներ՝ մեկն իր կորած, իսկ մյուսը՝ նոր արշալուսված իր սիրո համար։



Այս անգամ Արևհատն ընկերացավ նրան՝ մինչև փոքրիկ քաղաքի երկաթուղային կայարանը։ Դաշտի ցորենի ոսկեգույն և ատոք հասկերը հասնում էին մինչև Արևհատի կուրծքը։ Տխուր էր սզոխը, տխուր էին առվի ափին կռացած ուռիները, տխուր էր և Արևհատի սիրտը, բայց ժպտում էին նրա աչքերը, ինչպես դաշտում սփռված շողերը։

Ուսանողը բռնեց Արևհատի ձեռքը։ Դողում էին երկուսն էլ՝ ինչպես հասկերը ցորենի։

— Կվերադառնամ, այս տարի վերջին տարիս է, Արևհատ, կվերադառնամ, և դու կլինես իմ կինը։

Ջահել աղջիկը, լսելով նրան՝ փակեց աչքերը՝ բաց