Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/575

Այս էջը հաստատված է

վարդագույն առուներով, կարծես արևի ծիրանի հորձանքն է, որ թավալվում է մարմնի սահանքներից վար։

— Արևհա՜տ․․․

Նա չի լսում իր ձայնի մռայլ արձագանքը, որ ետ է դառնում մահվան սև պատերից, որովհետև թնդանոթները գոռում են, հրացանները սուլում, և հին աշխարհի փլուզման ահավոր աղմուկն է տիրում։

Ոռնում է հյուսիսային քամին, մերկացած ծառերը որոտում են սառնամանիքի առաջ, կաղկանձում են հեռագրաթելերը, բայց կարմիր պարտիզանի սիրտը տոչորվում է երազի հրից, երազն այն նոր աշխարհի, որի ստեղծման համար նա գրկել է մահվան գործիքը, երազն այն աղջկա, որ պիտի դիմավորի իրեն գավառական փոքրիկ քաղաքի երկաթուղային կայարանում, երազն այն աղջկա, որի տաք արցունքը կաթեց շիթ առ շիթ՝ խոտի և հողի վրա, երազն այն հեռավոր աղջկա, որի սերը պիտի ըմպի սրտից սափոր առ սափոր, և, թերևս, հեռավոր երկրի կրծքին ևս կվառվի հնգաթև աստղը՝ ինչպես իր համբույրը նրա ճակատին։


8

Քաղաքացիական պատերազմը բռնկվեց և Արևհատի արևոտ երկրում։ Հրացանները սուլեցին և նահապետական գյուղի բարձունքներում։ Ոտքի էին ելել բոլոր գյուղացիները, որ տկլոր էին, և որոնց մարմիններն այրվել էին մտրակների հարվածներից։

Եվ, մի գիշեր, գյուղն ամբողջ զարթնեց․ թնդանոթները գոռում էին սարի ետևում։

— Եկան, սպիտակները եկան,— ձայն տվին գյուղի բոլոր ծայրերից։

Խուճապն սկսվեց։

Սպիտակները մթնշաղին գրավեցին գավառական փոքրիկ քաղաքի երկաթուղային կայարանը և լցվեցին դաշտը։ Ապստամբ գյուղացիները նահանջեցին գյուղից, գյուղի հյուսիսային լեռնաշղթայով ձգվեցին դեպի նոր դիրքեր, իսկ սպիտակները խուժեցին դեպի գյուղը։ Գյուղի բնակիչները