Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/577

Այս էջը հաստատված է

Սպիտակ ջոկատները երկարեցին դեպի լեռնաշղթան։

Նանին վազեց գոմը, գրկեց Արևհատի անշնչացած, այլանդակված ու սպիտակ մարմինը և ողբաց խելագար ճչերով։

— Մեռնեմ քո լույս երեսին, մեռնեմ քո արև հասակին։

Եվ նանին լսեց, որ դիակը պատասխան էր տալիս և ասում.

— Աշխարհը մութն է, նանի։

Փլվեց կապույտ և ջինջ երկնակամարն Արևհատի շուշանների վրա, պատռվեց նանու սիրտը և հոսեց մայրական արյունն ուղխ առ ուղխ։

Քամին ողբում էր սարերի լանջերի սոսիների մութ անտառներում, յուրաքանչյուր ասեղնաձև տերև կարծես կաթում էր մռայլ արցունքներ, դաշտի բարձր խոտերն օրորվում էին ետ ու առաջ, ծանր ռիթմով, որովհետև մահը, դուրս գալով մութ հովիտներից, թափառելով տափաստաններ, կոխոտելով և ավերելով ընդարձակ և հարուստ պարտեզներ՝ եկել էր և ահավոր կաղկանձում էր դաշտում։

Բայց գարնանը ծաղկեց ծիրանի ծառը, հոտավետ և սպիտակ, բեղմնավորվեցին ծաղիկները և ամառը վառեցին՝ որպես արևի կանթեղներ, առուները կարկաչեցին բլուրներից վար, իսկ դաշտի կուրծքը սկսեց լցվել աստղերով, երբ աշնան սկզբին շողշողացին խաղողի հատիկները։

Կառախումբը մտավ հին ու մթին կիրճը, սուլեց սուր, բայց նրա արձագանքը վերադարձավ իբրև ահավոր որոտ։ Եվ ահա կառախումբը, դուրս գալով կիրճից, սողոսկեց կանաչ դաշտերով ու կանգ առավ գավառական փոքրիկ քաղաքի երկաթուղային կայարանում։

Երեկո է. կայարանի ճակատին փայլում է կարմիր և հնգաթև աստղը։ Կարմիր պարտիզանը ժպտաց և իջավ գնացքից։ Գրեթե ամեն ինչ փոխված է։ Ամեն անգամ այդ կայարանն իջնելիս՝ նա հետն ունենում էր ուսանողական պայուսակը, գրքեր, հագին ուսանողական զգեստներ՝ դեղին և փայլուն կոճակներով. այժմ՝ գորշ շինել, ուսից մի տոպրակ,