շուտով դրանց բոլորին պետք է կոտորեն, մեղք է, իրան էլ կկոտորեն, դու էլ ջահել աղջիկ ես։
ՄԱՐԻԱՆՆԱ.— Նադեժդա Իվանովնա, ինչե՞ր ես դուրս տալիս, իմ մարդն ի՞նչ է արել, որ կոտորեն. երկու տարի է թագավորի համար կռվում է. մենք տանը քաղցած, նա էլ ֆրոնտում քաղցած, այդ բավական չէ՞, որ կոտորեն. եթե թագավորի ծառայողին պետք է կոտորեն, էլ ու՞մ են ողջ թողնելու։
ՆԱԴԵԺԴԱ.— (Մոտենում է լուսամուտին) Այդ բոլորը լավ, թագավորի համար կռվել է, բայց հիմի բոլոր արածները ոտի տակովն է տալիս. այսքան հեղափոխության, այսքան փոփոխության չեն հավանում, ուզում են, որ անվերջ հեղափոխություն լինի, հասկանու՞մ ես։ Նրանք ուզում են իշխանությունը բանվորների ու տգետ գյուղացիների ձեռքը գցեն, ա՛յ թե ինչու համար դրանց բոլորին շուտով պետք է կոտորեն։
ՄԱՐԻԱՆՆԱ.— Ներս արի, ցուրտ է, պետք է փակեմ լուսամուտը։
ՆԱԴԵԺԴԱ.— (Մտնում է) Խելք սովորացրու քո մարդուն, թող հեռանա այդ ավանտյուրիստներից. դու կին ես, ինչ ուզենաս՝ կանես, ասա՝ եթե ձեռք չես քաշի, կփախչեմ, կգնամ. իսկույն կհամոզվի։ Ասա՝ կգնամ ուրիշ մարդու մոտ։
ՄԱՐԻԱՆՆԱ.— Ինչպե՞ս խելք սովորեցնեմ ես տղամարդուն. ասում է՝ կռիվը նոր է լինելու, արյունահեղ կռիվ է լինելու։
ՆԱԴԵԺԴԱ.— Արյունահեղը հենց իրեն համար է. իրենց թափած արյան մեջ իրենք էլ կխեղդվեն։
ՄԱՐԻԱՆՆԱ.— Դու հաստատ գիտե՞ս, որ պիտի կոտորեն։
ՆԱԴԵԺԴԱ.— Հաստատ։ Կառավարությունը արդեն հրամայել է կազակներին քաղաքը պաշարել, և ով որ կարգը խանգարում է, պետք է տեղնուտեղը գնդակահարվի։
ՄԱՐԻԱՆՆԱ.— (Մտահոգ) Բա Անդրյուշան ո՞ւր մնաց, ինչո՞ւ ժամանակին տուն չեկավ։ Ասա, Նադեժդա Իվանովնա, ճշմարի՞տ ես ասում։
ՆԱԴԵԺԴԱ.— Գնա, շուտ գտիր ու տուն բեր. նա ոչնչից