Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/599

Այս էջը հաստատված է

Լա՛վ, լա՛վ, հասկանում եմ։ (Մտնում է մի զինվոր) Սպասում եմ, սպասում եմ։

ԶԻՆՎՈՐ.— Հացը բաժանեցինք, բայց շատ կարևոր է, որ շաքար էլ տանք, շաքարի մեծ կարիք է զգում ազգաբնակչությանը։

ԱՆԴՐԵՅ.— (Ձեռքը դնելով զինվորի ուսին) Այո, ճիշտ է, պետք է շաքար էլ բաժանել, կարգադրել եմ, որ բերեն. մեծ քանակությամբ չի լինի, ընկեր, մեծ հույսեր չունենաս։

ԶԻՆՎՈՐ.— այնքան որ կարողանանք մի երեկոյի համար բավականացնել։

ԱՆԴՐԵՅ.— Ոչ թե մի երեկոյի, այլ երկու օրվա համար։

ԶԻՆՎՈՐ.— Երկու օ՞ր... գնամ, լուր տամ կոմիսարին։

ԱՆԴՐԵՅ.— Լսիր (թևից բռնում է) դրա ժամանակը չէ, շաքար շատ կլինի, ուրիշ կարևոր հարց կա այստեղ։ (Նայելով իր սեղանի վրա գտնված մի քանի թղթերին՝ մեկը վերցնում է) Ձեր փողոցի № 62-ում կասկածվում է, որ ռումբեր թաքցրած լինեն։ Մի՞թե ձեզանից որևէ մեկը չի գուշակել որևէ բան մինչև հիմա. պետք է արթուն լինել, հասկանո՞ւմ եք։ Ռումբ լինելու բոլոր տվյալները կան, ահագին մատերիալ է հավաքվել այդ բնակարանի մասին։

ԶԻՆՎՈՐ.— (Մտածելով) № 62-ում... (գլուխն է քորում) № 62-ում, սատանան տանի, անցյալ օրը ընկերներից մեկնումեկը, կարծես լսեցի, խոսում էր այդ մասին, ոչ թե ռումբի մասին, այդ ողորմելիների մոտ ռումբ չի կարող գոյություն ունենալ,— բայց ասում էր՝ ինչ-որ հակա են, կարևորսւթյուն չտվինք։

ԱՆԴՐԵՅ.— Լսեցեք ինձ, ընկե՛ր, չի կարելի կարևորություն չտալ։ (Հետզհետե ոգևորվում է) Ամեն մի փոքր, աննշան խնդիր մեծ նշանակություն ունի հեղափոխության հաջողության տեսակետից, բոլոր փոքր, աննշան խնդիրների գումարը կարող է կատաստրոֆա ստեղծել քաղաքական իշխանության ոչ-փորձառու պրոլետարիատի դիկտատուրայի համար։ (Ձեռքը խփելով սեղանին) Հասկանո՞ւմ եք, այս րոպեիս ես ձեզ գրավոր կկարգադրեմ