Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/617

Այս էջը հաստատված է

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Եթե անարդար էին, նրանք քավեցին այն իրենց արյունով, իսկ եթե պատմությունը ցույց տա, որ արդար էին...

ՀԱԼԵՏ.— Օսմանցիների սուլթանը անարդար չի կարող լինել։

ԻՍԽԵԼ.— (Մոտենալով) Արդար է մարգարեի հաջորդը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Արդար է մարգարեի հաջորդը, բայց նրա լսողությունն ու տեսողությունը կախված են ուրիշներից։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Հաջի Չելեբի, ինչպես երևում է, դուք ցանկանում եք մարտիրոս դառնալ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Մենք բոլորս էլ զոհաբերության համար ենք ապրում։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Ծախի՛ր այս հրաշալի շարոցը, մունետիկ։

ՄՈՒՆԵՏԻԿ.— (Առնելով շարոցը՝ վեր է բարձրացնում և լույսի տակ խաղեր է անում) Մարգարիտների, ադամանդների և սուտակների մի շարոց։ (Լռություն:)

ԻՍԽԵԼ.— (Էլի մոտենում է մատուռի դռան:)

ՄՈՒՆԵՏԻԿ.— Մարգարիտների, ադամանդների և սուտակների շարոց։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— 25 000 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 25 000 ոսկի։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Վերջապես խզվեց ձեր լռությունը, Տիգրան ամիրա։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ.— (Խոնարհվելով) Լսում էի, տեր իմ։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 25 000 ոսկի։

ՀԱԼԵՏ.— 30 000 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 30 000 ոսկի։

ՊՈՂՈՍ ԱՄԻՐԱ.— 40 000 ոսկի։ (Ոտքի կանգնելով և խոնարհվելով արարողապետի առաջ) Ներեցե՛ք, տեր իմ։

ԻՍԽԵԼ. — (Մոտենալով մունետիկին և շարոցը տնտղելով) Երբ Պողոս ամիրան ցանկանում է մի բան գնել, միայն ձկնորսները կարող են չհասկանալ նրա արժեքը։ 50 000 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 50 000 ոսկի, 50 000 ոսկի։ (Լռություն:)

ԻՍԽԵԼ.— (Մոտենում է դեպի մատուռի դուռը:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Ետ բերելու համար) 60 000 ոսկի։

ԻՍԽԵԼ (Անմիջապես ետ է գալիս, և տնտղում է շարոցը:)

ՄՈՒՆԵՏԻԿ.— 60 000 ոսկի։