Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/62

Այս էջը հաստատված է

Ճառի վերնագիրն էր՝ «Հուսկ բանք», որի նշանակությունն էլ մենք հուսկ ապա հասկացանք։

Բայց պարոն Աշուրը մեզ չմոռացավ։ Նա երբեմն հանդիպում էր մեզ փողոցում, կանգնեցնում ու հրամայում՝ «Հայերեն գիրքդ կարդա»։ Ստուգում էր ուզում կատարել մեր առաջադիմության մասին։ Երբ լավ էինք կարդում, պարոն Աշուրը, անսահման գոհ ժպիտով, մրթմրթում էր. «Քոքը աղեկ դրեր իմ, մաշալլա՜հ...»։

Մի օր պարոն Աշուրը հայտնվեց մեր տանը՝ գոհունակ ժպիտով և ժայռագույն աչքերն ավելի խոշորացան։ Նրա հայտնվելուց մի քանի շաբաթ առաջ մենք հողին էինք հանձնել մեծ եղբորս մանչ երեխային՝ Տիգրանիկին։ Այդ առթիվ ես գրել էի մի ոտանավոր և, առանց ոչ ոքի մի բան ասելու, ուղարկել էի Զմյուռնիա՝ «Արևելյան մամուլ» շաբաթաթերթին։ Այդ ոտանավորը տպվեց՝ առաջին տպագրված «երկը» իմ կյանքում։ Պարոն Աշուրը եկել էր մեր տունը այդ ոտանավորը կարդալուց հետո, եկել էր գոհունակ ժպիտով և ժայռային աչքերն ավելի խոշորացած։

Մի քանի գովասանական խոսքեր ասելուց հետո՝ նա հայտարարեց. «Քոքը աղեկ դրեր իմ, մաշալլա՜հ...»։

Է

Ես ունեի երեք քույր՝ Խասիկը, Սիրանուշը և Ձայնիկը։

Խասիկը մեծ եղբորիցս փոքր էր, բայց Գևորգից և Լևոնից մեծ, ես եղբայրներիցս ամենափոքրն էի, իսկ Սիրանուշը և Ձայնիկը ինձանից փոքր էին։

Խասիկին ես հիշում եմ հորս կապակցությամբ՝ հորս հողաթափներն էր տալիս, ջուր էր լցնում, որ լվացվի, չափազանց աշխատասեր մի աղջիկ, որ հորս մատուցած ծառայության մեջ գտնում էր խոր երջանկություն։

Թե ինչպես նա կապվեց Ամերիկայից եկած ոսկյա ատամնավոր մի մարդու, չգիտեմ, մանրամասներն ինձ ծանոթ չեն, բայց գիտեմ, որ նա դժբախտ եղավ։

Անձնվեր աղջիկ էր, ուրիշին միշտ ծառայելու պատրաստ, անում էր այն, ինչ որ կարող էր։