Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/620

Այս էջը հաստատված է

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Շառաչուն մի ապտակ է իջեցնում Իսխելին։)

ԲՈԼՈՐԸ.— (Խառնվում են իրար:)

ԻՍԽԵԼ.— (Մի պահ շփոթվում և զայրույթի արտահայտություն է ստանում, բայց իսկույն քմծիծաղով խոնարհվում է արարողապետի և Հալետի առաջ): Ես վիրավորված եմ զգում, որ այդ կաթոլիկը անպատվում է Ձեզ։

ՀԱԼԵՏ.— Շուտով սուլթանից հրաման ձեռք կբերեմ քո գլուխը կտրելու անձամբ Խաթթը Հյումայունի առաջ։ Երդվում եմ մարգարեի անունով։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ձեր սուրը շատ է մաշվել իմ գլուխը կտրելու համար։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Ձեր գլուխը կգնա, եթե դուք մատ ունեք այս գործում։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Մի մոռանաք, տեր իմ, որ այս ապարանքը Տյուզյան ամիրաների ապարանքն է։

ԻՍԽԵԼ.— Այսպիսի մի մատուռ կարելի է գտնել և ձե՛ր ապարանքում։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Խիստ նայում է Իսխելին և չի պատասխանում:)

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Ուղարկեցե՛ք այս մատուռի ամբողջ հարստությունը հայոց պատրիարքարան։ Մունետիկ, աճուրդի դիր և այս ապարանքը։

ՄՈՒՆԵՏԻԿ.— Ծախու է ապարանքը, բոսֆորահայաց այս շքեղ բնակարանը։

ԻՍԽԵԼ.— 250 000 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ.— 250 000 ոսկի։ (Լռություն) 250 000 ոսկի։ (Լռություն) 250 000 ոսկի։ Վերջին անգամ՝ 250 000 ոսկի։ (Լռություն) Ծախված է։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Պիտի ուղարկել այսօր ևեթ եկեղեցու բոլոր հարստությունը հայոց պատրիարքարան։ (Գնում է:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ինչքա՞ն ժամանակ եք տալու, տեր իմ, կանանց տեղափոխելու այս ապարանքից։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Այսօր ևեթ պետք է դուրս գան։ Ապարանքը պատկանում է Իսխելին։

ԻՍԽԵԼ.— (Հռհռում է:)