Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/623

Այս էջը հաստատված է

պաշտամունքը արգելված է Օսմանյան կայսրության բոլոր սահմաններում։

ՀԱԼԵՏ.— Այդ կլինի, եթե մենք հաստատապես համոզված լինենք, որ նա մի այսպիսի մատուռ ունի իր ապարանքում։

ԻՍԽԵԼ.— Դա հեշտ է, բայց ժամանակի կկարոտի։ (Բարկացած) Ես նրա գլխատումը ուզում եմ տեսնել հենց վաղն առավոտ։

ՀԱԼԵՏ.— (Երթևեկում է) Կարելի՞ է առանց ստուգելու ամբաստանել։

ԻՍԽԵԼ.— Առանց ստուգելու սուլթանը նրան գլխատելու հրաման չի տա։

ՀԱԼԵՏ.— Ինչպե՞ս պիտի անել։ Դավադրիր, և ես անեմ։

ԻՍԽԵԼ.— (Ջղային երթևեկ: Նստում է մի բազկաթոռի վրա և ընկնում է խոր մտածմունքի մեջ) Գտա, դուք կարո՞ղ եք, Հալետ էֆենդի, այս գիշեր ունկնդրություն խնդրել սուլթանից։

ՀԱԼԵՏ.— Այս գիշե՞ր։

ԻՍԽԵԼ.— Այո, այս գիշեր։

ՀԱԼԵՏ.— (Տատանվելով) Այո։

ԻՍԽԵԼ.— Կներկայանաք սուլթանին երեք հոջաներով և կհայտնեք նրան, որ հոջաները իրենց աչքերով տեսել են, որ, իբր կրոնական վրեժխնդրություն, Հաջի Չելեբին ինձ ապտակելուց հետո գնացել է Այա-Սոֆիա և կեղտոտել է Այա-Սոֆիայի շենքի վրա:

ՀԱԼԵՏ.— Ո՞վ կհամաձայնի գալ և վկայել։

ԻՍԽԵԼ.— Ես կգտնեմ։ Հարուստ եմ ես։

ՀԱԼԵՏ.— Գտիր, և այդ բավական է։

ԻՍԽԵԼ.— (Ուրախացած, շփելով իր միրուքը և նայելով գետնին, ինքն իրեն) Ես, ես կգտնեմ։ Կվատնեմ Տյուզյանների մարգարիտներն ու ադամանդները։ (Շարոցը վերցնում է սեղանի վրայից:)

ՀԱԼԵՏ.— Շուտ պետք է գտնել։

ԻՍԽԵԼ.— Ինձ խեղդում է այդ ապտակը։ Ապտակը վառում է իմ արժանապատվությունը։ (Դուրս է գնում քայլելով։)

ՎԱՐԱԳՈՒՅՐ