Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/625

Այս էջը հաստատված է

և ճշմարիտ մարդկանց։ Մարդիկ սիրում են սուտը, սուտը ատամներ չունի, սուտը քաղցր է, դուրեկան, սուտի մեջ ոչ մի ցավ չկա։ Ես ճանաչում եմ մարդկանց, մեծ վեզիր։ Ճշմարտությունը անողոք է, մի լինիք անողոք։

Գալիս է սուլթանը։

ՍՈՒԼԹԱՆ.— (Մտնում է:)

Բ. ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Խոնարհվելով) օգոստափառ։ (Դուրս:)

ՍՈՒԼԹԱՆ.— (Դեպի պատշգամբը) Հրաշալի է ծովը, մեծ վեզիր, հրաշալի։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Ծովը միշտ հրաշալի է, օգոստափառ։

ՍՈՒԼԹԱՆ.— Չեմ սիրում, երբ ծովը կորցնում է իր կախարդական կապույտը։ Ատում եմ գորշ ծովը։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Գորշ ծովերն էլ ունեն իրենց վեհությունը, օգոստափառ, բայց ձեր ասած ծովը միշտ հրաշալի է։

ՍՈՒԼԹԱՆ.— (Պատշգամբում) Կուզենայի այսօր հարճերիցս մեկի հետ զվարճանալ այս պատշգամբի վրա։

ՄԵԾ ՎԵԶՒՐ.— Այսօր նորին վեհափառության ընդունելության օրն է։ Թող չմոռանա օգոստափառը, որ օսմանյան գահակալները երբեք չեն թերացել իրենց պետական գործերում։ Այնուամենայնիվ, ինչ որ իմ օգոստափառ սուլթանն է կամենում...

ՍՈՒԼԹԱՆ.— Ցանկանում եմ այսօր զվարճանալ։ Ուրիշ ոչինչ։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Անժխտելի է օգոստափառ կայսեր ցանկությունը։

ՍՈՒԼԹԱՆ.— Ի՞նչ լուր իմ կայսրության սահմաններից։

ՄԵԾ ՎԵԶՒՐ.— Խաղաղության լուրեր։

ՍՈՒԼԹԱՆ.— Ի՞նչ վիճակի մեջ է մայրաքաղաքը։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Հանգիստ և հարուստ՝ կայսեր շնորհիվ։ Միակ կայսրությունը, ուր սպանություններ և ավազակություններ չեն պատահում։

ՍՈՒԼԹԱՆ.— Գո՞հ են իմ հպատակները։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Ավելի քան գոհ. կյանքը՝ ազատ, ինչքը՝ ապահով և պատիվը՝ անձեռնմխելի։

ՍՈՒԼԹԱՆ.— Կայսրության խուլ անկյուններում ոչինչ չի՞ պատահում։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Ոչ մի անախորժ դեպք, օգոստափառ: