չի եկել, Սիմխա, հասկացիր։ Դու կարծում ես Հալետը կարո՞ղ է կռվել։ Սրանից հետո հարկավոր է ծախսել իմ հարստության ամենահետին փշուրը՝ պատժելու համար նրան, ինձ ապտակողին։
ՍԻՄԽԱ.— Մի ապտակի համար մի ամբողջ հարստությո՞ւն. դու հիվանդ ես, քեզ բժիշկ է հարկավոր. մի ապտակի համար ողջ հարստությունը վատնի՞... Հա՛, հա՛, հա՛ Եհովային աղոթիր։
ԻՍԽԵԼ.— Սուտ է Եհովան։ Սինագոգներ շինող Իսխելը ապտակ կերավ մի կեղտոտ քրիստոնյայից, և Եհովան լռեց: Անիծված լինի Եհովան էլ ու նրա...
ՍԻՄԽԱ.— (Ճչալով) Լռի՛ր։
ԻՍԽԵԼ.— Չեմ լռի։ Սուտ է Եհովան, սուտ է Մովսեսը։ Սուտ է տապանակ ուխտին։ Սուտ է ամեն ինչ։ Միայն ապտակներ գոյություն ունեն աշխարհում և բոլոր ապտակների մեջ՝ միայն այն ապտակը, որ ապրում է իմ երեսի վրա և վառվում, վառվում է իբրև ամոթ, վառվում է իբրև քրիստոնեության դատակնիք։ Կզոհեմ ամեն ինչ՝ քեզ, աղջիկս, բոլորը, մինչև չտեսնեմ ինձ ապտակողի արյունը Ստամբոլի հրապարակներից մեկում։
ՍԻՄԽԱ.— Եթե դու քեզ կորցնես՝ ոչինչ չես կարող մտածել և ոչ մի վնաս էլ չես կարող հասցնել քո թշնամուն։
ԻՍԽԵԼ.— Իմ դատողությունը տեղն է, բայց ջղերս դավաճանում են ինձ։ Ի՞նչ կարող եմ անել իսլամի դեմ, սուլթանական վերարկու հագած մի իսլամի դեմ։
ՍԻՄԽԱ.— Դու էլ իսլամացիր։
ԻՍԽԵԼ.— (Կանգ է առնում, մտածում և հանգիստ տոնով) Ո՞վ կհավատա հրեա Իսխելին։ Ոչ, հավատալի չի լինի։ Իսխելի զենքերը ուրիշ տեսակ պետք է լինեն։
ՍԻՄԽԱ.— Ուրեմն, Իսխելը կարող պետք է լինի ուրիշ զենքեր ստեղծել։
ԻՍԽԵԼ.— Իսխելը, կարող է ու... չի կարող։ Ամոթ քեզ, Իսխել, որ մինչև հիմա չկարողացար դավադրել, հազար ամոթ։ (Միրուքի թելերը քաշում է) Պետք է ստեղծեմ, ուրիշ հնար չկա։ (Երթևեկում է ու խորը մտածում) Հալետը գնաց ոստիկանության մոտ՝ խուզարկել տալու