Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/653

Այս էջը հաստատված է

Ամիրան ուղարկում է նրան, ես հավատում եմ, միայն այս տան տրամադրությունը շոշափելու համար։

ՍԸՐՄԱ.— Եթե դա ուրախություն կարող է պատճառել նրան՝ ես սպիտակ քողերի մեջ կծածկեմ իմ վիշտը։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Ծածկիր, տիկին, թաղիր քո վիշտը ինչքան խորը կարող ես։

ՍԸՐՄԱ.— Գնա՛, պառավ, և կարգադրի՛ր, որ հարկ եղած պատիվներով ընդունեն նրան։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Այս առանձնասենյակո՞ւմ ես ընդունելու նրան։

ՍԸՐՄԱ.— Այո, այստեղ։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— (Դուրս:)

ՍԸՐՄԱ.— (Ոտքի է կանգնում, լուսամուտից դիտում է դուրս, հառաչում է:)

ՍՊԱՍՈՒՀԻ.— (Ներս) Ընդունելության ո՞ր զգեստն եք հրամայում, տիկին։

ՍԸՐՄԱ.— Ոչ մեկը:

ՍՊԱՍՈՒՀԻ.— (Խոնարհվելով քաշվում է դուրս:)

ՍԸՐՄԱ.— Սպասիր, աղջիկս։

ՍՊԱՍՈՒՀԻ.— (Ներս:)

ՍԸՐՄԱ.— Կանչի՛ր այստեղ Սիրանուշին։

ՍՊԱՍՈՒՀԻ.— (Դուրս:)

ՍԸՐՄԱ.— (Բարձի վրա դրված մի գիրք է բաց անում և սկսում է կարդալ:)

ՍԻՐԱՆՈՒՇ.— (Մտնում է, պառավ դայակը ետևից:)

ՍԸՐՄԱ.— Սպասում էի քեզ, աղջիկս։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Ճի՞շտ է, մայրիկ։

ՍԸՐՄԱ.— Այո, ճիշտ է։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Ե՞րբ է գալու։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Ամեն րոպե սպասում ենք։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Ինչքան ցանկանում եմ տեսնել հայրիկի կնոջը։

ՍԸՐՄԱ.— (Հառաչում է և աչքերի արցունքները ցույց չտալու համար երեսը շուռ է տալիս:)

ՍԻՐԱՆՈՒՇ.— Անպայման գեղեցիկ կլինի։