Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/655

Այս էջը հաստատված է

Ամեն օր երկու ժամով գնում է մաքսատուն և ուղիղ վերադառնում տուն։ Հյուրեր չի ընդունում և ոչ ոքի մոտ հյուր չի գնում։ Տանը զբաղված է մեր փոքրիկ պարտեզի ծաղիկների խնամքով։

ՍԸՐՄԱ.— Ա՜, չի՞ մոռացել ամիրան ծաղիկները:

ՆԱԶՄԻԵ.— Ո՛չ, մեծ խաթուն, անհուն սիրով խնամում է ծաղիկները։

ՍԸՐՄԱ.— (Պառավին) Ուղարկել տուր ամիրային իր սիրած բոլոր ծաղիկները։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Շատ բարի, տիկին։

ՆԱԶՄԻԵ.— Կարդում է ինչ-որ հին, փոշոտած գրքեր։ Խոսում է այս տան մասին իբրև հին, անցած բանի մասին։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Առավոտները ե՞րբ է զարթնում հայրիկը։

ՆԱԶՄԻԵ.— Շատ վաղ։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Իսկ երեկոները ե՞րբ է անկողին մտնում։

ՆԱԶՄԻԵ.— Շատ ուշ։ (Սպասուհին արծաթե ափսեի վրա բերում է թրքական կոֆե և հրամցնում է նախ Նազմիեին): Տվեք մեծ խաթունին։ Համեցեք, մեծ խաթուն (ոտքի է կանգնում):

ՍԸՐՄԱ.— Համեցե՛ք, համեցե՛ք, դուք իմ տանն եք։

ՆԱԶՄԻԵ.— Մի ամաչեցնեք ինձ, մեծ խաթուն։

ՍԸՐՄԱ.— (Առնում է մի բաժակ և տալիս է Նազմիեին:)

ՆԱԶՄԻԵ.— (Առնում է բաժակը, խոնարհությամբ դնում է կողքին և մի բաժակ էլ առնելով ափսեից՝ տալիս է Սըրմա խաթունին:)

ՍԸՐՄԱ.— (Առնելով բաժակը) Ապրեք։

ՍԻՐԱՆՈՒՇ.— Դու սիրո՞ւմ ես հայրիկին։

ՆԱԶՄԻԵ.— Անսահման սիրով։

ՍԸՐՄԱ.— (Կիտում է հոնքերը, զգուշանալով նշմարելի չդարձնել Նազմիեին) Ասացեք, պստիկ խաթուն, ամիրայի գլխին կա՞ն ճերմակ մազեր։

ՆԱԶՄԻԵ.— Հազիվ մի քանի հատ, մեծ խաթուն։

ՍԻՐԱՆՈՒՇ.— (Անհուն ուշադրությամբ հետևում է նրա բոլոր շարժումներին:)

ՍԸՐՄԱ.— Ամիրան այս տան մեջ երբեմն տառապում էր հոդացավից։ Ինչպե՞ս է զգում իրեն հիմա։