Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/657

Այս էջը հաստատված է

նշանված էինք։ Նվիրում եմ ձեզ։ (Կախում է նրա վզից։)

ՆԱԶՄԻԵ.— Շնորհակալ եմ, մեծ խաթուն։

ՍԸՐՄԱ.— (Դուրս բերելով երկու ադամանդյա մատանիներ) Պահում էի այս երկու ադամանդյա մատանիները ապագա իմ հարսի մատը անցկացնելու համար։ Հիմա անց եմ կացնում քո մատներին։ (Անց է կացնում Նազմիեի մատներին:)

ՆԱԶՄԻԵ.— Շնորհակալ եմ, մեծ խաթուն։ Երբ դուք հարս ունենաք, այս մատանիները ես կանցկացնեմ նրա մատներին։

ՍԸՐՄԱ.— (Հանելով մի ոսկյա ժամացույց) Այս ժամացույցը ամիրայինն է, պահիր։

ՆԱԶՄԻԵ.— (Առնելով ժամացույցը՝ համբուրում է:)

ՍԸՐՄԱ.— (Սնդուկից մի ուրիշ բան դուրս բերելիս:)

ՆԱԶՄԻԵ.— Բավական է, մեծ խաթուն։

ՍԸՐՄԱ.— (Առանց ուշադրություն դարձնելու նրա խոսքերին) Այս ադամանդյա ասեղը գործածիր քո սև, սիրուն մազերի համար։ Իմն է։

ՆԱԶՄԻԵ.— (Համբուրում է լուռ Սըրմա խաթունի ձեռքերը:)

ՍԸՐՄԱ.— Բարևիր ամիրային և ասա նրան, որ մենք բոլորս էլ կաղոթենք նրա առողջության համար։ Ասա, որ հանգիստ և երջանիկ ենք, որ նա առողջ է։ (Արցունքներդ հազիվ է կարողանում զսպել:)

ՍԻՐԱՆՈՒՇ.— (Համբուրելով նրան և լաց լինելով) Համբուրիր հայրիկին։

ՊԱՌԱՎ ԴԱՅԱԿ.— Բարևիր ամիրային։ Ասա, որ պառավ դայակը չի մոռացել իրեն։ Աստված պահպանի նրա թանկագին կյանքը։

ՆԱԶՄԻԵ.— Մնացեք բարով։ (Դուրս:)

ՍԻՐԱՆՈՒՇ.— (Գնում է նրա հետ դուրս:)

ՍԸՐՄԱ.— (Երկար լռությունից հետո) Ինչ լավ աղջիկ է ամիրայի կինը։ (Ուզում է շարունակել, բայց արցունքները խեղդում են նրան, սկսում է դառնապես արտասվել:)

ՎԱՐԱԳՈՒՅՐ