Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/66

Այս էջը հաստատված է

Քույր, խոնարհվում եմ քո զարհուրելի ճակատագրի առաջ․․․

Ընդունիր քո եղբոր արցունքը․․․

Ը

Մեր փողոցը հին Արևելքի այն ճանապարհի մասնիկն էր, որ ծայր էր առնում հին Հռովմից, գալիս հասնում էր Բյուզանդիայի հին մայրաքաղաքը, ընդհատվում էր մի ակնթարթ կապույտ ծովով, ապա շարունակվում էր, օղակելով ամբողջ Փոքր Ասիան, գալիս-անցնում էր մեր տան առջևից և գնում մինչև «աշխարհի ծայրը» — Բաղդադ։

Մեզ համար ամենահեռավոր վայրը Բաղդադն էր։ Բաղդադից դենը մեզ համար ուրիշ երկրներ չկային։

Մեր աշխարհից միայն մեկը գնացել էր Բաղդադ և երբ վերադարձավ՝ քաղաքի կեսը նրան դիմավորելու գնաց։

— Ի՞նչ կըսես, ծո, հերիֆը մինչև Բաղդադ գնաց ու եկավ։

Առաջին անգամ, երբ սկսեցի Հունաստանի և Հռովմի պատմությունը սովորել՝ հելլենների դեպի Արևելք արած արշավանքները, պարսից պատերազմները, Կյուրոսը, Ալեքսանդրը, Հուլիոս Կեսարը, հռովմեական կայսրության շինած ճանապարհները, ավելի և ավելի սիրով և հպարտությամբ կապվեցի մեր փողոցին։ Կարծես զգում էի, որ պարսկական, հունական, հռովմեական զորքերն անցնում են մեր դռան առաջից։

Մի օր, երբ միջնակարգում, չեմ հիշում որ արշավանքի պատմությունն էի պատմում, հաջողեցի այդ արշավանքի ուղեգիծը բերել և անցկացնել մեր փողոցից, իմ գավառացի ուսուցիչը ժպտաց քթի տակ և չցանկացավ իմ պատմական սխալն ուղղել։

* * *

Մեր փողոցը միաժամանակ այն ճանապարհն է, որ միացնում էր մեր քաղաքը ուրիշ քաղաքների և գյուղերի հետ։