Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/668

Այս էջը հաստատված է

ՊԱՏԿԵՐ

Դահլիճ սուլթանական սարայում

ՄԻ ԾԵՐՈՒՆԻ ՆԵՐՔԻՆԻ.— (Մի ուրիշ երիտասարդ ներքինու) Այսպես է կայսրության գործը, թագավորը չի իմանում, թե ինչ է կատարվում տերության ներքին կյանքում։ Լսում է ուրիշներից, անում է ուրիշների ձեռքով։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԵՐՔԻՆԻ.— Փաշաներն ու վեզիրներն ասում են, որ թագավորը պատանի եղած ժամանակ շատ իմաստուն է եղել։

ԾԵՐՈՒՆԻ ՆԵՐՔԻՆԻ.— Վեզիրներն ու փաշաները պոկում էին նրա պատանեկան թարմ ծաղիկները և հեքիաթներ էին հյուսում նրա իմաստության շուրջը։ Այս հեքիաթները հիմա իրականություն են դառել։ (Հեգնական ծիծաղ:)

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԵՐՔԻՆԻ.— Աշխարհի մասին շատ բան գիտես, ծերունի։

ԾԵՐՈՒՆԻ ՆԵՐՔԻՆԻ.— Աշխարհի մասին մի բան անհրաժեշտ է գիտենալ, մնացածը հեշտ է. պետք է գիտենալ, որ աշխարհը կանգնած է շողոքորթության, սուտի և փառասիրության սյուների վրա. այս իմանալուց հետո՝ ամեն բան կիմանաս և ամեն գործում կլինես իմաստուն և հաղթական։ Պետք է շողոքորթես իշխանավորներին, պետք է ստես ընկերոջդ և սողոսկես ավելի ու ավելի բարձր դիրքեր։ Փողոցային հասարակ և տգետ մարդիկ