Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/671

Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Լսում է արքայի ստրուկը և կկատարի նրա փոքրագույն կամքը։ (Լռություն:)

ՍՈՒԼԹԱՆ.— Ի՞նչ լուրեր են պտտվում թագաժառանգի հիվանդության մասին։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Աղոթում է ժողովուրդը նրա երկարակեցության համար։

ՍՈՒԼԹԱՆ.— Թագաժառանգի հիվանդության առթիվ մորթել տուր 500 ոչխար և բաժանել տուր աղքատներին, առանց կրոնի և ցեղի խտրության, 5 000 օխա հացով։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Կկատարվի փադիշահի հրամանը։ Բայց թող ների փադիշահը իր ամենախոնարհ ստրուկին, անհավատները իսլամի մատաղը չեն ուտի։

ՍՈՒԼԹԱՆ.— Ուտեն կամ չուտեն՝ մեկ է, բաժանել տուր, առանց ցեղի և կրոնի խտրության։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— Կկատարվի փադիշահի հրամանը։

Ա. ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Ներս մտնելով) Ելևմտից նազիրը և մաքսատան վերատեսուչը խնդրում են նորին օգոստափառ սուլթանից ունկնդրություն կայսերական շատ կարևոր և անհետաձգելի գործի համար։

ՍՈՒԼԹԱՆ.— Ելևմտից նազիրը և մաքսատան վերատեսո՞ւչը։

Ա. ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Այո, փադիշահ, ելևմտից նազիրը և մաքսատան վերատեսուչը։

ՍՈՒԼԹԱՆ.— Երևի մի մաքսանենգություն կա։ Հ՛ը, կատաղում եմ ես մաքսանենգների դեմ։ Չասացի՞ն, թե ինչու՞ համար են ունկնդրություն խնդրում։

Ա. ՍԵՆԵԿԱՊԵՏ.— Ոչ, փադիշահ, ասացին՝ կայսրության շատ կարևոր գործի համար։

ՍՈՒԼԹԱՆ.— Հրամայում եմ նրանց իմ ներկայության։

Ա. ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Դուրս:)

ՍՈՒԼԹԱՆ.— Արարողապե՛տ, կատարի՛ր իմ պատվերները։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ.— (Խոնարհվելով քաշվում է դուրս:)

(Ներս են մտնում ելևմտից նազիրը, Հաջի Չելեբին և երեք խափշիկ ներքինիներ՝ արկղներ շայակած:)

ՍՈՒԼԹԱՆ.— Նվերներ եք բերել և ասում եք՝ կայսրության շատ կարևոր գործով ունկնդրությո՞ւն եք խնդրում։