ՆԱԶԻՐ.— Խարդախության մեջ հավատացյալները անճարակ են։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Ինձ թվում է։
ՍՈՒԼԹԱՆ.— Խաբվող հավատացյալը ավելի հանցավոր է։
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— Դժվար է, վեհափառ տեր, որոշել չափերը:
ՆԱԶԻՐ.— Մեկը լրացնում է մյուսը։
ՍՈՒԼԹԱՆ.— Երկուսն էլ հանցավորներ են։ Կպատժեմ երկուսին էլ՝ գերագույն պատիժը, որ մարդկային արարածին կարող եմ հասցնել:
ՆԱԶԻՐ.— Մահվան պատիժ, տեր իմ:
ՍՈՒԼԹԱՆ.— Մի՞թե չհասկացաք իմ միտքը:
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Շփում է միրուքը և խորը ժպտում:)
ՆԵՐՔԻՆԻ.— Մեծ վեզիրը։ (Բաց է անում վարագույրը:)
ՄԵԾ ՎԵԶԻՐ.— (Ներս մտնելով) Հույս ունեմ, փադիշահ, այսպես աճապարանքով որ կանչել եք, մի մեծ ուրախության համար կլինի։
ՍՈՒԼԹԱՆ.— Այո, պիտի վայելես մի մեծ և դաժան ուրախություն։
ՄԵԾ ՎԵԶԻՐ.— (Դժգունում է:)
ՍՈՒԼԹԱՆ.— Մեծ վիշտ է կայսրության դեմ դավաճաններ գտնելը, բայց գտնելուց հետո նրանց պատժելը ուրախություն է, մեծ վեզիր։
ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Մի՞թե նորին վեհափառության կայսրության դեմ դավաճաններ կան (նայում է Հաջի Չելեբուն, կարծելով, որ խնդիրը դառնում է նրա շուրջը):
ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ.— (Խորը ժպտում է:)
ՍՈՒԼԹԱՆ.— Այո, կան զզվելի դավաճաններ։ Տե՛ս այդ արկղները։
ՄԵԾ ՎԵԶԻՐ.— (Քննելով արկղները) Օսմանյան կեղծ ոսկիներ: Մայրաքաղաքո՞ւմն են կտրված արդյոք։
ՆԱԶԻՐ.— Արտասահմանում։
ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Այստեղ հասած է ուրեմն մաքսատան միջոցով։ (Էլի նայում է Հաջի Չելեբուն՝ հաստատ համոզված լինելով, որ Հաջի Չելեբին է բռնված այդ գործում) Միայն անհավատները կարող են այսպիսի խորամանկություն փորձել, տեր իմ։