Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/677

Այս էջը հաստատված է

ՍՈՒԼԹԱՆ.— Ո՞ւր են հանցավորները, մեծ վեզիր, եթե փախչե՞ն։

ՄԵԾ ՎԵԶԻՐ.— Շուտով կլինեն նորին վեհափառության ներկայության։

ՍՈՒԼԹԱՆ.— Շուտ, կատաղությունս կարող է ավելի աղետավոր դառնալ իմ կայսրության համար։

ՆԱԶԻՐ.— Համբերեցեք, վեհապետ։

ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Ներս) Կալանավորները, տեր արքա։

Մտնում են Հալետ և Իսխել:

ԻՍԽԵԼ.— (Ներս մտնելուն պես՝ փռվում է սուլթանի ոտները) Իմ անունը միայն գործածված է, ես ոչ մի բաժին և շահ չունեմ ոսկիների մեջ:

ՍՈԻԼԹԱՆ.— Հեռացրե՛ք պետության այս դավաճանին իմ ոտներից։ Օձի պես է փաթաթվում։

ԻՍԽԵԼ.— Գթացեք, օգոստափառ։

ՀԱԼԵՏ.— (Բոլորովին լուռ է և արհամարհական:)

ՍՈԻԼԹԱՆ.— Սրանք դավաճանել են իմ կայսրության դեմ՝ օտար երկրներից փոխադրելով օսմանյան կեղծ ոսկիներ։ Սենեկապետ, կանչի՛ր արքունի դահճապետին։

ՍԵՆԵԿԱՊԵՏ.— (Խոնարհվելով՝ քաշվում է:)

ՍՈՒԼԹԱՆ.— Ես իմանում էի, որ անհավատները կարող էին դավաճանել, բայց չէի իմանում, որ նրանց աջակից կարող է լինել և մի իսլամ։ Կպատժեմ ես այս դավաճաններին։

Ավագանին հուզվում է:

ԻՍԽԵԼ.— Գթացեք ինձ։

(Ներս է մտնում դահճապետը մի ահռելի բեղով և ոսկրոտ մարդ, դանակներով զինված և մի դանակ էլ խածած առաջի ատամներով):

ԴԱՀՃԱՊԵՏ.— (Բարևում է) Կտրուկ է խանը ղազիի սուրը։

ՍՈՒԼԹԱՆ.— Իսկույն ևեթ կտրիր կայսրության այս դավաճանների գլուխները։