Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/73

Այս էջը հաստատված է

Դրանից ավելի հերոսական արհեստ ես չէի երևակայում։

Ինձ դուր էր գալիս դարբինների դեմքը, մանավանդ նրանց աչքերը, երբ կրակից կարմրում էին, մրից դեմքերը սևանում, աչքերն ավելի էին կարմրում, հենց օջախի կրակի նման վառվում։

Ես նայում էի մերթ կրակին և մերթ աչքերին։

Գնում կանգնում էի կռանին շատ մոտ, որպեսզի շիկացած երկաթից թռչող ասուպներն իմ շորերն էլ այրեն և ես էլ նմանվեմ դարբնի։ Ես հավատացած էի, որ մարդ միայն դարբին պետք է լինի, որ աշխատանքը վերջացնելուց հետո ախորժակով ուտի։

Առհասարակ դարբիններն ուտում էին չոր հաց՝ սոխով։

Գալիս էի տուն, վերցնում էի հաց ու սոխ, ուտում, բայց չկար այն ախորժակը, դրա համար ես հավատացած էի, որ պետք է անպայման դարբին լինել։

Փորձեցի տանը օջախ և փքոց շինել, չկարողացա։

* * *

Երբ հիմա հիշում եմ մեր փողոցը, ամենից ավելի իմ աչքի առաջ պատկերանում են իմ մանկության ընկերները՝ շները։ Իմ ամբողջ մանկությունն անցել է նրանց անձնվեր մտերմությամբ։

Շան ոհմակն իմ բանակս էր։

Մինչև հիմա էլ, երբ մեկը մի շան քացով է տալիս, սիրտս մղկտում է, ես հիշում եմ իմ մանկության ընկերներին։

Նրանց մեջ մեկը չկար, որի վրա իմ կնիքը չլիներ։ Նախ և առաջ բոլորի պոչերը կտրել էի. այդպես նրանք ավելի գողտրիկ և գրավիչ էին դառնում իմ աչքին։ Չէի սիրում պոչերը, ուզում էի, որ նրանք անպոչ դառնան, նախքան էվոլյուցիայի օրենքի լրումը։

Նրանք սիրում էին ինձ, և այդ սերը նման չէր մարդկային սիրո։

Անվերապահ էր, անաչառ, անհիշաչար, անվարձ, առանց