Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/76

Այս էջը հաստատված է

Եվ տարին չվերջացած՝ մահը եկավ, և մահվան հետ միասին, ձեռք-ձեռքի տված, ճանապարհ ընկավ հայրս, մեկնեց և էլ չվերադարձավ։

Մայրս լաց էր լինում և ասում.

— Ես գիտեի, լագլագը չեկավ․․․


* * *

Արևածագից մինչև արևամար մեր ընդարձակ ագարակում աշխատում էին մշակները։

Ամառ և ձմեռ մեզ համար ժամանակն ու ժամացույցն ունեին իրենց խստագույն օրինաչափությունը, արևը երբ ուզում էր ծագել և երբ ուզում էր մարել, մենք զարթնում, նախաճաշում էինք որոշ ժամին, աշխատանքի գնում, վերադառնում, ուտում և քնում որոշ ժամին, բայց մշակները դատապարտված էին արևի չար քմահաճույքին — նրանց հետ բոլոր պայմանները կապվում էին արևի օրենքի համաձայն՝ արևածագից մինչև արևմար։

Եվ արևը չար էր նրանց համար, և արևն այրում էր նրանց մարմինը։

Արևածագից մինչև արևմար նրանց բահերը զրնգում էին հողի մեջ, և երբ դուրս էին քաշում, փայլում էին արևի տակ ծովի գույնով։

Կեսօրին նստում էին «ճաշի» ագարակի ամենաթևավոր ծառի տակ, ուտում էին սոխ ու հաց, երբեմն մի խաշած գետնախնձոր և շատ հազվադեպորեն՝ խաշած մի ձու, և երբ չոր հացը համառում էր գլորվել կոկորդից ներքև, երկարում էին և պառկելով կրծքի վրա՝ խմում էին առվի սառը ջրից ու կախ ընկած ցնցոտու մի կտորով սրբում ջրի մեջ թաթախված բեղը։

Երեկոյան, վերջալույսին, երբ արդեն ծառերի ստվերներն այնքան էին երկարած լինում, որ խառնվում էին արդեն գետնից բարձրացող մութի թևերի հետ, նրանք թողնում էին բահերը և իրենց հացի տոպրակներն առած՝ քայլում էին դեպի տուն։

Հոգնությունը նրանց դեմքի, ձեռքերի, բաց կրծքերի և