Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/85

Այս էջը հաստատված է

սենյակի հատակին, գորգերի վրա։ Զարթնեցի։ Հիշեցի ամեն բան։ Ուզում էի փախչել, մեծ քույրս բռնեց։ Մայրս վազեց, գրկեց ինձ և, ժպտալով ու արցունքով խառն, համբուրեց ինձ։ Ես գլուխս սեղմել էի մորս կրծքին, ոչինչ չէի տեսնում, հանկարծ զգացի հորս բեղերը և նրա ծխախոտի հոտը։ Հայրս համբուրում էր ինձ և ասում.— «Անառակ քեզի, անառակ քեզի»։

Քիչ անց՝ ես դարձյալ լսեցի ձիու դոփյունը փողոցի սալահատակի վրա։

Եղբայրս էր։

Նա հայտնվեց սենյակի շեմքի վրա և գոռաց.

— Չոջուխը հոն չէ։

Բոլորն սկսան ծիծաղել, ես հորս թևի տակից դիտում էի մեծ եղբորս, որի աչքերի զայրույթը հետզհետե փոխվեց խորը եղբայրական ժպտի։ Վազեցի նրա մոտ և փաթաթվեցի մեջքին։ Նա ինձ գրկեց, բարձրացրեց վեր։ Նա այնքա՛ն բարձրահասակ էր և հզոր։

Այնուամենայնիվ, առավոտյան հայրս արգելեց ինձ թռուցիկ թռցնելը։

Անցնում էր ոսկյա ամառը, անցնում էր ունայն ինձ համար, սիրտս դատարկվում էր։ Ամեն երեկո բարձրանում էի կտուրը, անձկությամբ դիտում թափառող «լուսինները»։ Առաջին օրերն այնքան չէի տխրում, բայց քանի օրերն անցնում էին, քանի հալչում էր ամառվա ոսկին, քանի քամին շոյում էր իմ ճակատը և անց կենում, խորը տխրություն էր իջնում իմ հոգու վրա։ Մի երեկո, երբ նստած էի կտուրին և ուրիշների սավառնող թռուցիկներն էի դիտում, երեկոյան այն պահին, երբ երկնքից վազում են ծիրանագույն առվակներ, վազում, թափվում են մի վիթխարի և բոսորավառ ծովում, մայրս բարձրացավ կտուրը, որպեսզի ստուգի արևի տակ եփվող քաղցրավենիները. տեսավ ինձ և զգաց իմ անսահման թախիծը, որ սև ամպի նման կանգնած էր այդ փառավոր երեկոյի մեջ։ Մոտեցավ մայրս, գրկեց գլուխս և հարցրեց.

— Ի՞նչ ունիս, յավրուս։

Ես աչքս հառեցի երկնքին և թափառող «լուսիններին»։