Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/86

Այս էջը հաստատված է

Երկար չկարողացա պահել իմ հայացքը։ Աչքերս պղտորվեցին արցունքներից։

— Ես հայրիկիդ կըսեմ, թող հրաման տա, որ թռցնես, ամա թելը լողին չպիտի կապես,— ասաց մայրս։

— Չեմ կապեր,— հեկեկացի։

Առավոտյան սկսեցի կառուցել նոր թռուցիկ, ավելի մեծ, քան երբևէ կառուցել էի։

* * *

Մեր երիտասարդ ուսուցիչներից մեկը, որի հետ մենք մանուկներս գրեթե ընկերներ էինք, մի օր հայտարարեց.

— Տղաք, ձեզի տանիմ մեր գյուղը։

Մենք լսել էինք, որ նրանց գյուղը Մ ժաստառի ստորոտումն է, դարավոր ծառեր կան այնտեղ, ծառեր, որոնց բներում մի ողջ գյուղական ընտանիք կարող էր տեղավորվել և ապրել։ Լսել էինք նաև, որ նրանց գյուղի եկեղեցու տակից ջուր է գալիս այնքան առատ, որ կարող էր երկու սայլ, իր եզներով, քշել տանել։ Նրանց գյուղի առաջով անցնում էր Արածանին, կապույտ և վետվետող ժապավենի նման։

Հետիոտն ճանապարհ ընկանք երեկոյան, ցերեկվա արևից խուսափելու համար։ Գնում էինք կտրուկ ճանապարհներով, երբեմն քայլելով արտերի վրայով։ Մեր ոտների տակ՝ ոսկյա արտերը, իսկ վերևում՝ կապույտ գմբեթը աստղերով։ Կատակում ենք, հռհռում, կռանում ենք, ջուր խմում վազող առուներից, վճիտ և երգեցիկ առուներ, որոնց եզերքների խոտը թարմագեղ կանաչ է։

Մտանք ցորենի անսահման մի դաշտ։

Երկինքը գնալով ցածանում էր, աստղերը թափվում են մեր աչքերի մեջ։ Ջինջ լռությունը խանգարում էինք միայն մենք և ընկնող ասուպները։

— Կսւզե՞ք մնաք էստեղ, մինչև լուսաստղը երևա,— հայտարարեց ուսուցիչր։

Բոլորս էլ կանգ առանք։

Լռությունն ավելի լռեց, երկինքն ավելի ցած իջավ։

Երկարեցինք հասկերի վրա։