Ամայի և մեծ տան մեջ մնացել էին երկու ամուրի և խոշտանգում էին իրար։
Թեև Ալեք աղան մեղմ էր, բայց անտանելի էին նրա ամուրիական սովորույթները, որոնք կարծր էին, համառ։
Երբեմն Իսկուհին կատաղում էր կովի հանդեպ, երբ նա գարունքին սկսում էր բառաչել և Ալեք աղան պատրաստվում էր տանել նրան գյուղ, որպեսզի բառաչը դադարեցնել տա։ Չբավականանալով կովին քացի տալով և անիծելով՝ բաց էր անում պահարանը, դուրս քաշում մի քանի հին, թանկագին ամաններ, նետում, կոտրում։
Ամանները կոտրատում էր, որ հանգստանա։
Ալեք աղան, երբ տեսնում էր այդ, մեղմագին ասում էր.
— Աղեկ ըրիր, հանգստացար։
Ալեք աղան մեր փողոցի միակ հասակավոր ամուրին չէր։ Նրա տնից մի քանի դուռ վերև ապրում էր հաջի Սողոմոնը։
Ամեն անգամ, որ Ալեք աղայի մասին խոսվում էր, հաջի Սողոմոնը միայն մի բան էր ասում.
— Ալեքն ըլ ինձի պես էշ է։
Հաջի Սողոմոնը քառասունն անց, բավական սպիտակ գլխով, աչքերը շաշ և խելքից էլ խեղճ մի մարդ էր, որ էշի փալան նորոգելով էր ապրում։
Նրա ուշ ամուսնանալու պատճառն իր ընտանեկան դրությունն էր։
Նրա ամուսնության հարցը բավական հասունացած էր, երբ հայրը մեռավ։ Մի քանի տարի անցավ՝ մայրը մեռավ, մոր մեռնելուց մի երկու տարի հետո, հորաքույրը նրան հազիվ համոզեց ամուսնանալ, բանտարկեցին։ Բանտից դուրս եկավ՝ իրան հոռետեսության տվեց։
Այսպես անցան տարիներ, գլուխը սպիտակեց, մի քիչ սկսեց հազալ։ Ինքն էլ, բոլորն էլ համոզվեցին, որ ամուսնանալն այլևս չպետք է ուշացնել, և հաջի Սողոմոնն ամուսնացավ։