Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/93

Այս էջը հաստատված է

Ոստիկանությունը վրա հասավ։ Հաջի Սողոմոնը, շապիկով, վարտիքով ձերբակալվեց և տարվեց։

Ամբոխը ցրվեց։ Տիրեց խոր լռություն։

Միայն հաջի Սողոմոնի նորահարսն էր, որ ամբողջ գիշերը լաց էր լինում և ասում.

— Պսակս կիսատ մնաց։

— Էհ, մնաց, մնաց,— մխիթարում էր մի հարևանուհի,— նորեն կը կարգվիս, աղեկ որ ուրիշ բան չպատահեց։

Այսպես, հաջի Սողոմոնը չկարողացավ մտնել ամուսնական կյանքի շեմքից ներս։

Նրա հարսնացուն մի քանի օր սպասեց հաջի Սողոմոնի տանը, մորաքրոջ հետ, և ապա նա էլ վերադարձավ մորանց տունը։

— Խեղճը ձեռք չդպած ետ գնաց,— ասում էին հարևանները։

* * *

Մթնշաղ է, բայց փողոցում շատ մարդիկ կան, օդը տաք է։ Գարնան օրեր։ Լուսին։

Ես փողոցում խաղում եմ։ Հանկարծ սկսեց մի իրարանցում։ Մարդիկ հավաքվեցին փողոցի մի կետում, ինչպես հավերն են հավաքվում, երբ կուտ են գցում։

Հավաքված բազմությունը լուռ է, մինչև անգամ որոշ մտատանջություն կա նրանց դեմքերի վրա։

Վազեցի։

Երկու ոստիկան պաշարել են մեր հարևան Նշան աղային և քաշքշում են։ Նշան աղան ոգի ի բռին պայքարում է նրանց դեմ։

Նա կռնակի վրա մի մեծ կողով ունի։ Ըստ երևույթին, կողովը ծանր է։ Նշան աղայի մեջքը կորացել է, պարզապես կքել է այդ ծանրության տակ, վզի երակներն ուռել են։

— Ի՞նչ կա կողովի մեջ,— հարցնում են ոստիկանները։

— Խաղող է,— պատասխանում է Նշան աղան։

Ոստիկանները սկսում են հռհռալ։ Գարնան ի՞նչ խաղող։ Նշան աղան շփոթվել է, սխալ պատասխան է տվել։