— Չոր խաղող է, չամի՛չ,— ուղղում է Նշան աղան։
Ոստիկանները պնդում են, որ կողովը ցած դնի և բաց անի։
Մարդիկ սփրթնում են։ Պարզ է։ Նշան աղան փամփուշտ է փոխադրում և բռնված է։
Սարսափելի դժբախտություն, նրան սպասում է բանտ, աքսոր, թերևս կախաղան։
— Իջեցուր կողովը, բա՛ց։
Նշան աղան դիմադրում է, ապա և աղաչում, պաղատում։
— Կբանամ, միայն տուն տանիմ, հոնտեղ բանամ,— խնդրում է նա։
Բայց ոստիկանները համառում են, հակապետական գործ են բռնել, ուզում են հանդիսավորություն տալ, անպայման կվարձատրվեն բռնակալության կողմից։
Նշան աղան դառնում է բազմության և պաղատում ամեն մեկին։ Ոչ ոք չի միջամտում։ Վախենում են։ Վերջապես ոստիկանները բռնի կերպով ցած են գցում կողովը։ Ինչ-որ ճչոց է լսվում։ Բաց են անում կողովը, միջից դուրս է գալիս մի կին, երեսը ծածկած, ճչում է ու լաց լինում։
Նշան աղան միայն մի ուղղությամբ հառել է բյուրեղացած, հիմարացած աչքերը։
Ահաբեկված բազմությունը հանկարծ սկսում է բարձր և անգութ հռհռոց, դիվային մի ծիծաղ, և մեկը սկսում է աղաղակել.
— Նշան աղան սեփեթով կնիկ կտանե...
Այդ աղաղակին խառնվում են ուրիշ աղաղակներ։
— Կնիկը սեփեթեն դուրս եկավ...
— Վա՛յ, խայտառակ հերիֆ, կնիկը սեփեթին մեջ է դրեր...
Կինն ուզում է փախչել, ոստիկանները բռնում են։
Բազմության մի մասը պաշարում է Նշան աղային, մյուս մասը՝ կնոջը, ծափ են տալիս ու ծաղրում։